Ծանր աշխատանք է սպասվում

Դաժան ձմեռ եղավ այս տարի։ Ասում են՝ վերջին հարյուր տարում նման եղանակ չէր գրանցվել Արարատյան դաշտում։ Որքան էլ միստիկ պատճառներ փնտրենք նման աննախադեպ ցրտերի, չպարզող մառախուղի ու մռայլ եղանակային պայմանների մեջ, սա չի կարող հավերժ շարունակվել, եւ, անշուշտ, գալու են լուսավոր ու պայծառ օրեր։ Բայց խստաշունչ ձմեռը միայն հոսանքի ու գազի աննախադեպ մեծ վարձերը չեն, ոչ էլ սրտային եւ հոդային հիվանդությունների սրացումը կամ ձմեռային երկարատեւ դեպրեսիան, որը պատել է բոլորիս։ Սա նաեւ ձմեռային ավերածությունները վերացնելու մեծածավալ աշխատանքներ ու ծախսատար հոգսեր է ենթադրում։ Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանում արդեն նման մի խորհրդակցություն կայացել է, որտեղ խոսվել է վտանգավոր սառցալեզվակների հեռացման, լրացուցիչ աղբահանության, ասֆալտապատման մասին։ Սակայն վերջին խնդիրը մեր առաջ կհառնի իր ողջ «հմայքով» սառույցի եւ ձյան վերջնական հալվելուց հետո։ Թեեւ ավտովարորդներն արդեն իսկ նկատած կլինեն, որ մայրաքաղաքում ոչ մի հարթ փողոց չի մնացել։ Անգամ Երեւանի կենտրոնական փողոցներում այնպիսի փոսեր, գոգավորություններ, խորշեր են գոյացել, որ ողջ մայրաքաղաքը նորից ասֆալտապատելու անհրաժեշտություն կա։ Միայն այն փաստը, որ «Սանիթեքն» այս տարի 5 անգամ ավելի շատ աղ եւ ավազ է օգտագործել, բավական է, որ հասկանալի լինի, թե այդ ամենն ինչպես է անորակ ասֆալտն ավերել։ Որտեղի՞ց են գտնելու այդ միջոցները, ինչքա՞ն ժամանակ կխլի վերանորոգման աշխատանքը, ե՞րբ կկարողանանք նորմալ ճանապարհներով երթեւեկել, դժվար է ասել։ Միայն մի բան է ակնհայտ, որ մեզանում ասֆալտապատման որակի, տեխնիկայի ու տեխնոլոգիաների բարձրացման-զարգացման խիստ անհրաժեշտություն կա։ Մենք այնքան հարուստ չենք, որ ամեն տարի ասֆալտ փռենք։

Մեկնաբանություն
X