ՀՀ-ԵՄ․ կարող էր այսքան բարենպաստ չդասավորվել

Ինչպես ամենքս գիտենք, փետրվարի 26-28-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մի ամբողջ պատվիրակությամբ, որի կազմում էին նաեւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անգամ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Արտառոց էր այն, որ չկային տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը եւ հատկապես Պնախարար Վիգեն Սարգսյանը:

Դատելով տարածված լուսանկարներից՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը, սեղանի շուրջ հայկական կողմից նստած են եղել հինգ հոգի, եւ նրանց թվում չի եղել ՀՀ պաշտպանության նախարարը: Որ Վիգեն Սարգսյանին Բրյուսելում, մասնավորապես ՆԱՏՕ-ում չընդունեցին եւ չեն հրավիրում, ակնբախ է, բայց բոլորովին անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու նրան իր պատվիրակության կազմում ՆԱՏՕ չի տարել: Վստահաբար, ՀՀ նախագահի կողմից սեփական պատվիրակության կազմ ընտրելիս Բրյուսելի համաձայնություն եւ ագրեման չի պահանջվում:

Թվում է՝ Վիգեն Սարգսյանը ճիշտ կվարվի, եթե ԱԺ իր մանդատից չհրաժարվի, որովհետեւ ՀՀ-ն չի կարող ունենալ ՆԱՏՕ-ի կողմից բոյկոտվող Պնախարար, ինչը որոշիչ դեր կատարեց նաեւՍեյրան Օհանյանի՝ պաշտոնից հեռացման հարցում: Բայց այս թեման թողնենք, քանի որ ՀՀ Պնախարարից իրականում այնքան էլ շատ բան չի կախված Բրյուսելի հետ Հայաստանի հարաբերությունների ամբողջական համալիրում:

Եվրամիության եւ ընդհանրապես եվրոատլանտյան համայնքի հետ Հայաստանի հարաբերությունների ամենակարեւոր գրավականն ու հենասյունը ԵՄ-ՀՀ համաձայնագիրն է, քանի որ դա է ամփոփում եւ ուղենշում հարաբերությունների ներկան եւ ապագան: Փետրվարի 26-ին, հուրախություն բոլորի, ավարտվեցին ՀՀ-ԵՄ բանակցությունները, ինչի մասին հաջորդ օրը համատեղ հայտարարեցին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջապես հայտնի դարձավ բանակցված փաստաթղթի անվանումը, այն է՝ EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement։ Հայերեն դա հնչում է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Այս համաձայնագիրն ունի բոլոր չորս բաժինները, որ ուներ 2013-ին չնախաստորագրված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

Նոր բանակցված համաձայնագրում ընդգրկվել են համապատասխանաբար Political dialogue and reform (Քաղաքական երկխոսությանը եւ բարեփոխումներին) վերաբերող բաժինը, Home and justice affairs (Ներքին եւ արդարադատության հարցեր) բաժինը, ամենակարեւոր՝ Trade and investment (Առեւտրին եւ ներդրումներին) վերաբերող գլուխները, եւ վերջին ու ամենածավալուն հատվածը՝ Sectoral cooperation (Ոլորտային համագործակցության) գլուխները:

Անհավատալի է, որ ընդամենը մեկ տարում, ավելի ստույգ՝ մեկ տարի երեք ամսում (07 դեկտեմբերի 2015թ. - 26 փետրվարի 2017թ.) հնարավոր եղավ բանակցել հարյուրավոր էջերի ծավալով այդ փաստաթուղթը, որի նախորդը՝ Ասոցացման համաձայնագիրը, բանակցվել էր երեք տարի, այլեւս չասած, որ վերջինիս ազդօրինակն Ուկրաինայի հետ բանակցվել էր երեւի յոթ տարի՝ 2004-ից, թե 2005-ից մինչեւ 2012թ․: Հայաստանի հետ նոր պայմանագիրը բանակցվեց ԵՄ չափանիշներով զարմանալի արագ, շնորհիվ հանգամանքի, որ մինչ այդ էլ շուրջ մեկ տարի կողմերը վերանայել էին չնախաստորագրված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եւ զգալի հատվածներ այնտեղից բերվում էին նոր համաձայնագիր: Այն, ինչ դուրս էր մնում նոր համաձայնագրից, հիմնականում մաքսային կանոններին, դրույքներին, վճարներին վերաբերող հատվածներն էին:

Պետք է խորապես շնորհակալ լինել ճակատագրին, որ Հայաստանի համար ամեն ինչ այսքան բարենպաստ դասավորվեց: Առանց Ուկրաինայի նման տասնյակ հազարից ավելի զոհեր տալու եւ ավերածությունների ենթարկվելու, առանց Վրաստանին նման՝ սեփական տարածքների հանդեպ վերահսկողությունը կորցնելու եւ հասարակության երկատվելու, առանց Մոլդովայի նման սալտո-մորտալե շարժումների եւ երկրի նախագահի աթոռը Կրեմլի բացարձակ կողմնակցին, չասելու համար գործակալին հանձնելու՝ դրանից բխող անկայունության հետեւանքներով, Հայաստանին հաջողվեց ԵՄ-ի հետ գրեթե նույն պայմանագիրն ստանալ՝ բացառությամբ մաքսային հատվածի: Այո, այդտեղ Հայաստանի անգնահատելի արժեքը, պատմությունն ու քաղաքակրթությունը դեր կատարեցին, Հայաստանի իշխանությունների հետեւողականությունը, առճակատումներից խուսափելն ու ԵՄ-ի բարյացակամությունը դեր խաղացին, բայց մեծ հաշվով ու վերջնահաշվում աշխարհը եւ Եվրոպան 2013-ից ի վեր անպատկերացնելի փոխվեցին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X