«Հաց բերողը» սարկավագ է, իսկ Գարեգին Բ-ն լուռ է

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, ում ազատության համար արդեն քանիցս բողոքի ակցիաներ են իրականացվում, պարզվում է՝ Քանաքեռում Առաքելական եկեղեցու սարկավագներից է: Այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Պալյանը՝ իր էջում գրառում կատարելով, որով նաեւ բավական կոշտ, սակայն արդարացի քննադատության է ենթարկել եկեղեցականներին:

Պաշտոնական Էջմիածնի կամ Արարատյան Հայրապետական թեմի կողմից որեւէ հերքող հայտարարություն չի հնչել, ինչը կարծես գալիս է ապացուցելու, որ հայտարարությունը հավաստի է: Այս դեպքում ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին պատրաստ է իր սպասավորին՝ կապ չունի՝ դպիր, սարկավագ, քահանա, աբեղա, վարդապետ եւ այլն, զոհել հանուն իր իշխանահաճ կեցվածքի:

Արդյոք սա՞ է ուսուցանել Քրիստոս: Արդյոք սա՞ պետք է քարոզի Առաքելական եկեղեցին Մեծ Պահքի այս քառասնօրյա շրջանում: Արդյոք Գարեգին Բ-ի կամ Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսի արածը Հուդայի մատնություն չէ՞ կամ Պիղատոսյան ձեռնլվա: Այսքանից հետո գոնե Գարեգին Բ-ն կամ Նավասարդ Կճոյանը կբարեհաճե՞ն կանգնել հասարակության կողքին, թե՞ դարձյալ հասարակ հայ մարդը, ՀՀ պարզ քաղաքացին միայնակ կմնա նաեւ հոգեւոր դաշտում, ինչպես մինչ հիմա է արդեն քանի տարի: Գարեգին Բ-ի համար լավագույն առիթն է ստեղծվում հանրային առումով «դեմքը բացելու»․ կամ ծառայում է իր շահին՝ Մամոնային, կամ Քրիստոսին եւ իր ժողովրդին:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X