«Մենքը»՝ պատմության գրկում

Իսպանացի արձակագիր Էնրիկե Վիլա-Մատասի «Dublinesque» վեպում գլխավոր հերոսը նախանձախնդրությամբ է լցվում այն ժողովուրդների հանդեպ, ովքեր ազատորեն կարողանում են խոսել «Մենքի» անունից։ Դրանք, ըստ նրա, իռլանդացիներն են, նաեւ՝ ամերիկացիները: Իռլանդացի գրողների համար թերեւս «Ես» անունից հանդես գալն է անըմբռնելի, եւ նախադասությունները նրանք շատ դեպքերում այսպես են սկսում․ «Մենք՝ իռլանդացի գրողներս, կամ Մենք՝ իռլանդացի գրողներով, այսպես ենք մտածում, այսպիսի համանման խոհականություն ունենք»:

Վիլա-Մատասը վեպում վերհիշում է ավստրիացի արձակագիր Պետեր Հանդկեի «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը, ուր հերոսները եւս յուրօրինակ կարոտանքով են լցված դեպի այդ օտարված «Մենքը», եւ վեպի վերջում հերոսները, հանդիպելով ամերիկացի հռչակավոր ռեժիսոր Ջոն Ֆորդին, լսում են, թե ինչպես է Ֆորդը կատարելապես անկաշկանդ ու ինքնիրավ հենց իր մասին օգտագործում հոգնակին․ «Մենք՝ ամերիկացիներս… Մենք այդպես չենք մտածում… Մենք այսպես ենք մտածում… Մենք այսպես ենք երազում… Մենք կարծում ենք… Մենք գտնում ենք, որ…», եւ այսպես շարունակ:

«Dublinesque»-ի իսպանացի հերոսը տրտմությամբ արձանագրում է, որ իրենց՝ իսպանացիներին չի հերիքում այդ «Մենքը», որ անջատողականությունը, հատվածականությունը, մտքի սեգմենտայնությունը, գաղափարների շուրջ խմբագործման տկարությունը թույլ չի տալիս լիակատարության հասնել գոնե որոշակի նշանակետում, պտտվել գոնե բոլորի համար ճանաչելի առանցքի շուրջ, երբ առանցքի գիծն ու խտությունն այլեւս տարընթերցման ենթակա չեն:

Ռիբան (վեպում հերոսի անունն է) մելամաղձորեն նկատում է, որ իսպանացիների, առհասարակ՝ իսպանական հասարակության արմատական խնդիրը բխում է «Մենքի» բացակայությունից, «Մենքով» լինելու եւ «Եսը» «Մենքով» պարզելու բարդույթից ու արգելանքից: Սերժ Սարգսյանը, ԱԺ-ում տեղեր զբաղեցնելու համար կռիվ տվող դաշինքները, հասարակությունը, գործածելով կենսականության ձգտող «Մենքը», ո՞ւմ նկատի ունեն, երբ ասում են (բոլորս էլ ասում ենք)․ «Մենք մեր պետությամբ, Մենք մեր մշակույթով, Մենք մեր խնդիրներով, Մենք այսպիսին ենք եղել, հետո այլ էինք, Մենք պիտի համախմբվենք, Մենք պարտավոր ենք»…

Ըմբռնումները եւս առարկաների նման հնանում են, կորցնում իրենց կիրառական նշանակությունները՝ այնուամենայնիվ սովորույթի ուժով շարունակում տեւել: Հայաստանում վաղուց «Մենքը» խոշտանգված, անարդյունք ու հանցավոր կլիշե է, քանի որ լեզվի մեջ եւ լեզվից դուրս ինքն իրեն չի ճանաչում:

Ո՞ւմ մասին է, ո՞ւմ է նկատի առնում՝ Հանրապետական կուսակցությունը, Ազգ-բանակ անրջանքը, հեռուստացույցի էկրաններից չիջնող (արվեստի ներկայացուցիչների) ճիզվիտային դաստիարակչական տհասությունը: «Մենքի» իշխանությունը մաստակ դարձրած գաղափարախոսների ամենամեծ ողբերգությունը կասկածներից վերջնականորեն երես թեքելն է, այն անպայմանությունը, բռնազբոսությունը, ուր բառերը, իմաստները, դրանց նշանակությունը երբեք փոփոխությունների չեն ենթարկվում՝ հավիտյանս փառաբանելով դիակներին:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X