Այ քեզ զարմանալի բան

Երեկ քաղաքում հայտնվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի մեծադիր նկարները՝ «Անվտանգություն, առաջընթաց» գրության տակ, որպես Հանրապետականի նախընտրական գովազդ։ Համակրելի տղամարդու լուսանկարներ են, թերեւս՝ միայն դրական զգացում առաջացնող, բայց նաեւ տխուր խորհրդածությունների տեղիք տվող։ Մարդ, ում անունը չկա իշխող կուսակցության նախընտրական ցուցակում, ստիպված է իր համակրանքի, իր բարձր վարկանիշի շնորհիվ խորհրդարան տանել մի ուժի, որն այնքան վարկաբեկված է, որ վախենում է հանդես գալ իր իրական դեմքերով։ Ժամանակ առաջ մենք հասցրեցինք զարմանալ, թե ինչու իշխող կուսակցության առաջնորդը չի գլխավորում ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Կուսակցություն, որը նա պատրաստվում է ղեկավարել առաջիկա տարիներին։ Ապա զարմացանք ցուցակի կազմի եւ հատկապես առաջին տասնյակի վրա, որտեղ, մի քանի բացառություն չհաշված, ժողովրդի կողմից մերժելի անձինք են ընդգրկված։ Հետո զարմացանք, թե ինչու է այդ ցուցակը գլխավորում պաշտպանության նորաթուխ նախարարը։ Չէ՞ որ մեզանում պաշտպանության նախարարները, որպես կանոն, հեռու են մնացել քաղաքականությունից եւ երբեւէ չեն ընդգրկվել նախընտրական գործընթացներում։ Հիմա հերթական զարմանքն ենք ապրում՝ ի՞նչ իմաստ ուներ 3 երիտասարդ անձանց գրել ՀՀԿ ցուցակի առաջին համարներում, եթե կարծում են, որ նրանց դեմքով հանդես գալը շահեկան չէ։ Եթե համոզված են, որ օրեր առաջ կուսակցական դարձած եւ ընտրություններին մասնակցելու խոչընդոտ ունեցող վարչապետը նախընտրական պաստառին արժանի միակ դեմքն է եւ վարկաբեկված Հանրապետականին այս փոսից հանելու միակ «միջոցը»։ Սրանով կարծես իշխանությունը հերթական անգամ խոստովանեց, որ Կարեն Կարապետյանին Հայաստան է հրավիրել բացառապես ՀՀԿ-ի վերարտադրությանն օժանդակելու համար։

Մեկնաբանություն
X