Իրավունք

Համբերությունն անսահման չէ

Մինչ ողջ հանրությունն սպասում է, որ իշխանությունն իր իրավապահ համակարգին, հանձին դատախազության, հրահանգ կտա ազատ արձակել փետրվարի 10-ից հացադուլ անող եւ կյանքի ու մահվան սահմանագծին գտնվող Հաց բերողին, ՀՀ գլխավոր դատախազությունը փարիսեցիական, անամոթ տեքստեր է տարածում՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների մասին։ Դատարկ, ոչինչ չասող եւ ոչինչ չնշանակող այդ տեքստով իրավապահները հերթական անգամ հայտարարում են, որ մեր երկրում չկա արդարություն, հասարակական կարծիքը զրո է, եւ մեզանում պաշտպանված են միայն փողատերերի եւ իշխանավորների իրավունքները։ «ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղենշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների աշխատանքներն առաջիկայում էապես ակտիվացվելու անհրաժեշտություն ունեն: Այդ համատեքստում գլխավոր դատախազը կարեւորել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների լիարժեք բացահայտման, մեղավոր բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիության ապահովման աշխատանքները՝ ընդգծելով յուրաքանչյուր նման գործով արդյունքների համար դատախազների անձնական պատասխանատվությունը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ, որից այսօր հանրությունը ոչ թե նման անհեթեթ բառակույտ է ակնկալում, այլ մեն մի քայլ՝ մի որոշում․ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու մասին: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել, որ հանցագործներն ազատության մեջ լինեն, իսկ անմեղ մարդիկ՝ բանտերում։ Մինչեւ ե՞րբ են պատրաստվում մարդկանց աչքին թոզ փչել, թե՝ «պայքարում ենք հանցավորության դեմ», բայց իրականում զբաղվեն ռեժիմի հակառակորդներին հալածելով ու հետապնդելով։ Ի վերջո, պետք է հասկանան, որ հասարակական համբերությունը սահման ունի։

Մեկնաբանություն
X