Թաղային խուժանը՝ էլիտայի մոդել

Հայաստանում որպես էլիտայի մոդել եւ, ինչու չէ՝ նաեւ արդեն հաստատված-կանոնակարգված էլիտա, ոչ թե նախագահի հետ թեյ խմող մտավորականությունն է, այլ մնացել եւ մնում է թաղային խուժանը: Թեյ խմելը, ասենք, անշառություն է, անմեղ-մեղավոր արարք: Թաղային խուժանը թեյի փոխարեն այլ՝ ավելի պինդ, ավելի բռի խմիչք է նախընտրում, մի թուրմ, որն իրավամբ առարկայական գործողությունների, արարքների ու զավթումների կմղի:

Դա կարող են լինել պաշտոնը, փողը, ռեսուրսը, իշխանությունը կամ էլ պաշտոնի, փողի, ռեսուրսի, իշխանության հույսը, խոստումը, ապագան, տարբեր վայրերում ու դիրքերում բարձրակարգ, հարգի ստատուսը՝ սեփական գյուղում, համայնքում, փողոցում, ինչու չէ՝ նաեւ սեփական տանը, երեխաների աչքերում, քրեաօլիգարխիայի գողական միջավայրում:

Այն թաղային խուժանը, որին չորով «քցում» են, անարգվում է, կորցնում հեղինակությունը, ուժը, համակվում վրեժի խորը գզացողությամբ: Եվ ահա իշխանության վերաբերմունքից նեղված, արդեն իսկ վրեժի կրակով առլեցուն՝ հիմնավոր ու հավերժական դարձած այդ թաղային խուժանը ձեւավորում է հակընդդեմ ուժ՝ ցուցադրելով վիրավորանքի ու վշտի արդյունքում գոյացած նոր բաղադրության մեկնարկ, որը միշտ գալիս է ապացուցելու, որ տարիներ առաջ կատարված աշխատանքի դիմաց իրեն քոռ կոպեկ անգամ չեն վճարել: Սակայն թե իշխանությունը եւ թե նեղված հակընդդեմ թաղային խուժանը, այնուամենայնիվ, հաշտության կամրջի հույսը չի կորցնում: Այս դեպքում անհնար է կատարելապես հուսահատվել, քանի որ հայելին երկու ուժին՝ ե՛ւ իշխանությանը, ե՛ւ թաղային խուժանին նույնկերպ է ճանաչում ու անդրադարձնում:

Ակներեւ է, որ թաղային խուժանն այս անգամ եւս գործի է դնելու իր ողջ ներուժը, մի մասը՝ հանուն իշխանության, մյուս մասը՝ հանուն այն վիրավորվածության, որը կուլ տալ ու մարսել չի կարողանում: Քարոզարշավի ընթացքում եւ դրան հաջորդող օրերին իշխանությունը, իշխանությանը ծառայող արդարադատության մարմինները որքանո՞վ կվերահսկեն թաղային խուժանի գործունեությունը, հիմա դժվար է որեւէ հստակ բան ասել:

Բնավ չի բացառվում, որ այդ վերահսկողությունը սխեմատիկ լինի, պայմանագրային, փոխզիջումային, խիստ որոշակի ու խիստ անորոշ: Սակայն ինչ էլ լինի, միեւնույն է՝ ամենավերջում հաղթելու է իշխանության ու թաղային խուժանի միջեւ պատմականորեն հաստատված մեծ բարեկամությունը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X