Ես ընտրելու եմ Արտակին

Նախընտրական այս փուլում մենք բոլորս դառնում ենք նյարդային, սենտիմենտալ, անհոդաբաշխ եւ անսկզբունքային։ Ապրիլի 2-ին յուրաքանչյուրս մեր ընտրությունն ենք կատարելու, բայց մեզնից ոչ բոլորն են այդ ընտրությունը կատարում գիտակցված եւ հասկանալի գործոնների ազդեցության տակ։ Մեկն ընտրելու է Վալոդին, քանի որ նրա ժպիտը սիրուն է, երկրորդն ընտրելու է Հայկազին, քանի որ նա իրենց հարեւան Վարսիկի մորաքրոջ տղան է, իսկ «Վարսիկը լավ կին է», երրորդն ընտրելու է Գարսեւանին, քանի որ իրենց «գյուղապետի զահլեն չունի»՝ չի ուզում նրա դեմ գնալ։ Ես, օրինակ, որոշել եմ ձայնս տալ «Ելք»-ին, բայց ոչ նրա համար, որ ինձ հարազատ մարդիկ կան այնտեղ, այլ բացառապես Արտակ Զեյնալյանի՝ իմ ճանաչած ազնվագույն, պարկեշտ, համակրելի մարդկանցից մեկի, այս երկրի անխոնջ մշակներից մեկի պատճառով։ Ավելի աշխատասեր, լուսավոր եւ նվիրյալ մարդ ես չեմ ճանաչում։ Նա տարիներ շարունակ հետեւողականորեն աշխատել-պայքարել է ինչ-որ բան մեր երկրում փոխելու, ինչ-որ մարդկանց օգտակար լինելու ուղղությամբ։ Ես հավատում եմ Արտակի նման մարդկանց։ Անգամ այն, որ նա մի ոտքը կորցրել է պատերազմում, եւ իր համար հեշտ չէ ապրել այս երկրում, մեր՝ անտարբեր ու ծույլ երկոտանիներիս կողքին, չի խանգարում, որ նա լինի ակտիվ մարդ եւ քաղաքական գործիչ։ Երեկ նա մեր թղթակցի հետ զրույցում ասել է․ «Մենք փողոց առ փողոց, շենք առ շենք շրջում ենք, կոչ ենք անում մարդկանց, որպեսզի թոթափեն այն հուսալքությունն ու անտարբերությունը, որ տիրում է Հայաստանում։ Մարդիկ օտարացած են հանրային իշխանությունից, պետական կառավարումից, եւ մեր խնդիրն է վերականգնել այդ հավատը, պատասխանատվությունն ու իրավունքը։ Նույնիսկ, անկախ նրանից, թե ինչպիսի մեծամասնություն կձեւավորվի, դա ամենակարեւորն է»։

Մեկնաբանություն
X