«Գոնե, գոնե»-ները

Ընտրությունների օրվան ընդառաջ գովազդային հարձակում քաղաքի վրա՝ բաներներ, պաստառներ, թղթեր, գրառումներ, խոստումների հիթ-շքերթ, նախընտրական լոզունգներ, որոնք ասես նմանակներ լինեն, գրեթե նույնական տոնայնությամբ ու համարյա թե մտերմիկ բովանդակությամբ:

Իհարկե՝ հնարավոր է, որ ապագա պատգամավորները, Ազգային ժողովի դռները ծեծող դաշինքները, կուսակցությունները, բավականին լուրջ գումարներ ծախսելով՝ երկար-բարակ մտածել են, տեղը տեղին գցել-բռնել, թե ինչպիսի լոզունգներով, ինչպիսի դիմապատկերներով պիտի բեմահարթակ ելնեն, որպեսզի լոզունգներն էլ ավելի սրվեն, խիստ ներազդեցություն թողնեն ընտրողների վրա:

Բայցեւայնպես, դժվար է ասել, թե, օրինակ, ինչպես եւ ինչով են ընտրողների վրա տպավորություն թողնում քաղաքը հեղեղած այդ բավականին դժգույն, ժամանակ առ ժամանակ լրիվ անճոռնի պաստառները, եւ, հակառակը՝ օրինակ, ի՞նչ կարող է ընտրողներին տալ վարչապետ Կարեն Կարապետյանի առանց օձիքի եւ թեւքերի հագուստը, որը կրում են բաճկոնի տակից: Կոպիտ ասած՝ ժիլետը կփրկի՞ ՀՀԿ-ին: Ինչ խոսք, հասարակության բիբը փոքր-ինչ շոյվել է այդօրինակ ոճից՝ շափխեքի ու մեռելի պիջակների փոխարեն՝ «գոնե ժիլետ»:

ՀՀԿ-ն դեռ ամիսներ առաջ ընտրեց «գոնե, գոնե»-ների խուլ գավառական մարտավարությունը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ գոնե «սիմպո» Կարեն Կարապետյանը, Սեյրան Օհանյանի փոխարեն՝ գոնե «ազգ-բանակ» տեսլականը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի փոխարեն՝ գոնե մեկ ուրիշը, գոնե Արփինեն, Կարեն Ավագյանի փոխարեն՝ գոնե Կարեն Ավագյանը, եւ այսպես շարունակ:

Եթե ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կարճ ձեւակերպելու լինենք, դա «գոնե, գոնե»-ների անգաղափարական նախագիծ է, որը գուցե թե դանդաղորեն մեկնարկեց 3-4 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանի համար եկավ այն «պատմական պահը», երբ նա վերստին պիտի կազմավորեր, վերանայեր այն շրջապատը, որի հետ հնարավոր կլիներ շարունակ ամեն գնով պահպանել սեփական իշխանության կյանքը:

Անգամ հասարակության որոշ հատվածներ «գոնե, գոնե»-ների խորամանկ ու շինծու ցուցադրականության, ռազմավարության մեղմացման մեջ դրական միտումներ նկատեցին՝ «գոնե այսպիսի վարչապետը», «գոնե այսպիսի տեսլականը», «գոնե այս ձեւով, ոչ թե այն»:

Այս ծրագրի իրականացումը բացահայտորեն արվեց, եւ պարզ է՝ այն, ինչ բացահայտորեն է արվում, կուրացնելու հատկություն ունի: «Գոնե, գոնե»-ները գոնե ապագա են խոստանում եւ այս անգամ խոստանում են գոնե անվտանգություն, գոնե առաջընթաց:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X