Իդեալական խորհրդարան

Իրական լրատվամիջոցը պետք է ոչ միայն անկախ ու ազատ լինի, այլեւ հավասար պայմաններ ապահովի բոլորի համար եւ հավասար աչքով նայի բոլորին։ Երեկ ես նահանջել էի այս սկզբունքից՝ պատգամավորության թեկնածուներից առանձնացնելով մեկին՝ Արտակ Զեյնալյանին, եւ պատճառաբանելով, թե ինչու եմ պատրաստվում քվեարկել «Ելքի» օգտին՝ որպեսզի Արտակը հայտնվի խորհրդարանում։ Բայց Զեյնալյանը միակը չէ, ում ես կուզենայի տեսնել խորհրդարանում եւ ում կոչ կանեի տալ ձեր ձայնը, հարգելի ընտրող։ Ես խորհրդարանում կուզենայի տեսնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում վերջին 5 տարվա օրենսդրական աշխատանքին ականատես ենք եղել բոլորս, եւ ում օգտակարության մեջ էլ կասկած չունեմ։ Պատգամավորական մանդատ ունենալու արժանիներից մեկն էլ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է՝ մեր չկարդացող հասարակության մեջ կարդալու հանդեպ սեր արթնացնելու, պետական անօրինության դեմ պայքարելու իր եզակի վճռականությամբ։ ԱԺ դահլիճում ես տեսնում եմ նաեւ դաշնակցական Սպարտակ Սեյրանյանին՝ կիրթ ու գրագետ մարդու, ով կրթության նախարար աշխատած տարիներին համակարգի համակրանքն էր վայելում։ Ազգային ժողովում, անշուշտ, պետք է տեղ զբաղեցնի նաեւ Էլինար Վարդանյանը, ով չմեծամտացավ այս տարիներին, չանտեսեց հասարակ մարդկանց կողմից իրեն ուղղված օգնության խնդրանքները, համեստորեն ու նվիրված աշխատեց խորհրդարանում։ Որքան էլ իշխող կուսակցության հանդեպ վերապահումներ ունենամ, ես ԱԺ-ում տեսնում եմ նաեւ Արտակ Դավթյանին, ով հնարավորինս առանձնացավ իշխանության ձգտողների անդեմ ու ամեն ինչի ունակ զանգվածից եւ չկորցրեց իր մարդկային դեմքն այս տարիներին։ Ուրիշ անուններ էլ կարող եմ թվարկել․ Վարդան Բոստանջյան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Ռուստամյան, Արամ Մանուկյան։

Մեկնաբանություն
X