Խարդախության մրցույթ

Մեր քաղաքական ուժերի հույսը ժողովրդի կարճ հիշողության, ներողամտության, սխալվածներին կրկին անգամ շանս տալու բնույթի վրա է։ Այնպիսի մանիպուլյացիաներ, ինչպիսիք կիրառում են քաղաքական ուժերը՝ եւս մեկ անգամ ընտրողի վստահությանն արժանանալու համար, այլ կերպ, քան խաբեություն, դժվար է անվանել։ Դատեք ինքներդ․ իշխող կուսակցության նախագահն ընդհանրապես չկա համամասնական ցուցակում, իսկ ՀՀԿ վարկաբեկված գործիչները, որոնց հետ կապվում է մեր ձախողումների ողջ պատմությունը, ամենաանցողիկ տեղերում են, բայց չեն մասնակցում քարոզարշավին։ Քարոզարշավն իր ուսերին է վերցրել վարչապետը, ում անունը եւս չկա համամասնական ցուցակում, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կա ցուցակում, բայց հնարավոր է մանդատը չվերցնի։ Իրականում ՀՀԿ-ի հույսը ոչ թե քարոզարշավն է, «Ռեինկարնացիայի» հաջողված կլիպը, հեռուստաաստղերի մասնակցությամբ համերգները, երկիրը ողողած պաստառները, այլ ռեյտինգային թեկնածուները, որոնք պետք է ձայն բերեն հարազատ կուսակցությանը՝ խորհրդարան անցնելու երաշխիք չունենալով։ Ավելին՝ շմայսները, նովոները, մյուս «ձայն բերողները», ամենայն հավանականությամբ, եթե անգամ շատ ձայն ստանան, չեն հայտնվելու խորհրդարանում։ Նրանց առաքելությունը կուսակցության «պարազիտ» հատվածին՝ կաբինետներում ծվարած, ժողովրդի կողմից մերժված անձանց ԱԺ տանելն է։ Ինչը, ի դեպ, պակաս խաբեություն չէ՝ ժողովուրդը ձայն է տալու մեկին, ԱԺ է գնալու մեկ ուրիշը։ Եթե սրան գումարենք նաեւ ընտրությունների նախօրեին կուսակցությունների անվանափոխությունները, կուսակցության անվան տակ դաշինքով մասնակցելը, մի ճամբարից մյուսը անցումները, դատարկ ու սին խոստումները, պարզ կդառնա, որ 2017-ի ընտրությունը լինելու է խարդախության յուրօրինակ շքահանդես։

Մեկնաբանություն
X