Քաղաքագրություն. Ռ. Զարյան՝ «Կարաբալան»

Անծանոթ քաղաք էր Երեւանն այն տարիներին: Ծաղկավաճառ խանութ չկար, որ հյուր գնացողը մի ծաղկեփունջ տաներ տանտիրուհուն: Ուսանողը ճանապարհվում էր ժամադրության, եւ վարդավաճառներ չկային, որ աղջկան ներկայանար գեթ մի ծաղիկ ձեռքին:

Միակ ծաղկավաճառը Կարաբալան էր: Նա վարդ էր վաճառում: Տարբեր գույնի վարդեր՝ ճերմակ, դեղնավուն, վարդագույն, վառ կարմիր, բոցագույն:
Օրը երկու անգամ երեւում էր կուլտուրայի տան շքամուտքի մոտ՝ մեկ ցերեկը, մեկ էլ ժամը վեցին:

Ձախ թեւին վարդերով լի զամբյուղն էր, աջ ձեռքին մի վարդ միայն, մի հատիկ վարդ: Ինչպես էր բռնում: Երեւի ոչ մի սիրահար ծաղիկը չի բռնել այդպիսի գեղեցկությամբ:
Անհայտ կենսագրության մարդ էր: Կարաբալան: Ինչ որ ասվել եւ պատմվել է այն տարիներին, երեւանցիների երեւակայության հորինածն էր: Ամեն մարդ պիտի կենսագրություն ունենա: Ինչպե՞ս կարելի է, որ մարդը հայտնի լինի, եւ անհայտ մնա նրա կյանքը: Կարաբալան քաղաքի հայտնի մարդկանցից էր: Եթե մարդիկ ոչինչ չգիտեն, ուրեմն պետք է հորինել, պետք է վերագրել՝ ասել, որ Կարաբալան մի անգամ է սիրել, սիրել է մի աղջկա, աղջիկը հեգնանքով է նայել իրեն, մերժել է նրա սերն ու ծիծաղելով հեռացել: Դա երբ է եղել, ոչ ոք չգիտեր: Այլեւս ոչ մի աղջիկ չի սիրել: Մարդիկ էլ կային, որ ասում էին, թե Կարաբալան ոչ մի տեղից էլ եկած չէ, Երեւանում ծնված- մեծացած տղա է, մեկի ասելով՝ Կոնդից, մյուսի ասածով՝ Թուրքի թաղից:

Ե՞րբ, ի՞նչ եղավ Կարաբալան, չեմ կարող ասել: Բայց երբ Կարաբալան կար, մարդ չէր պատկերացնում երեկոյացող Աբովյան փողոցն առանց նրա: Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես Աբովյան փողոցի մայթերի եզրերով վազող առուները, ինչպես կուլտուրայի տունը, երբ դեռ երեսպատված չէր նրա ճակատը:

Ես չեմ եղել Կարաբալայի ծաղկանոցում: Չեմ տեսել, բայց պատկերացրել եմ, թե ինչպես է աճեցնում վարդերը, ինչպես է ջրում: Ինչպես է տանում մկրատը դեպի ցողունը: Չգիտեի, թե ընտանիք ու երեխաներ ունի, բայց այնպես էի մտածում, թե ծաղկանոցը նրա տունն է, վարդերը՝ իր անթիվ ու անհամար զավակները: Պատկերացրել եմ, թե ինչ գորովալի հայացք է գցում վարդերին, ու ձեռքը, որով առնում է ծաղիկը, ինչպիսի սիրով ու ջերմությամբ է շնչում:

Անցան տարիներ: Ծաղկառատ դարձավ Երեւան քաղաքը, բացվեցին ծաղկավաճառ կրպակները: Ամեն մի մեծ փողոցի անկյունում ծաղիկ վաճառողներ կան: Ծախում են բազմատեսակ ծաղիկներ՝ վարդ, մեխակ, քրիզանթեմ, կակաչ…
Հիմա ամեն մեկը հյուր գնալիս ծաղիկ կարող է առնել, ժամադրության գնալիս աղջկան տանել իր սիրած ծաղիկը: Կարող է ընտրել ի՛նչ ուզի, ի՛նչ գույնի, ի՛նչ չափի եւ որքա՛ն ուզի: Առատություն է, սրտիդ ուզածի չափ: Կարծես թե հենց այն է, ինչ որ երազում էինք:
«Մայրամուտից առաջ»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X