Ամոթ եւ խայտառակություն

Այս քարոզարշավը օր օրի բացում է մեր «խոհանոցը»՝ ցուցադրում մեր բոլոր հիվանդություններն ու խոցերը, բոլոր արատներն ու սխալները, որ տարիներ շարունակ կոծկել ենք։ Մի տեսակ կարծես քողը բարձրացնում է այն կեղծիքի, երեսպաշտության, ծածկադմփոցի վրայից, որը տարիներ շարունակ իրականացրել է իշխանությունը, եւ որը տարիներ շարունակ թույլ ենք տվել մենք՝ հասարակության անդամներս։ Այս խեղճ ու չքավոր մարդիկ, որոնք պաշարում են Ծառուկյանին եւ աղերսագրեր հանձնում, մեր ամոթն են, մեր չարածի, մեր գործած հանցանքների, մեր անտարբերության ապացույցը։ Նման տեսարաններ դիտող իշխանավորները պետք է ամոթից ուղղակի գետինը մտնեին, մինչդեռ էկրանների առաջ գլուխներն են տարուբերում եւ ծպծպացնում՝ մեղադրելով մարդկանց անգրագիտության, անխելքության, ծախվածության մեջ։ Մարզեր գնացող քաղաքական գործիչները, որոնց դեմը կտրած գյուղացին ասում է՝ «Տղայիս 3 տարի էր մնացել, որ ուղարկեին թոշակի, ազատել են աշխատանքից, ո՞նց կլինի դրա վիճակը՝ ուսանող երեխա ունի», իսկ նախկին պաշտոնյան, ով այսօր ընդդիմության շարքերն է համալրել, ոչ թե մեղավոր է զգում իրեն ու ներողություն խնդրում մարդուց, այլ, իրավիճակից օգտվելով, ասում է․ «Մենք կգանք իշխանության, մի բան կլինի»։ Տարեց մարդը բողոքում է ընդդիմության ներկայացուցչին՝ իմ թոռը գնաց-զոհվեց պատերազմում, մի պաշտոնյա չկա, որի տղան մասնակցած ու զոհված լինի էս տարիներին, եւ ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ այ, դրա համար էլ ասում ենք, որ պետք է խաղաղություն հաստատվի երկրում, հենց դրա համար ենք ուզում գալ իշխանության։ Իշխանության ձգտողների այս բանակն ակնհայտորեն անհաղորդ է ժողովրդի հոգս ու ցավին։ Այդ հոգս ու ցավը նրան այնքանով է հետաքրքրում, որքանով այն կօգնի իրեն քվե ստանալ։

Մեկնաբանություն
X