Առնվազն հիմարություն է այդ ներուժը չօգտագործել

>

Դիվանագետները այնքան էլ հաճախ չի պատահում, որ «հիմարություն» բառը օգտագործեն, հետեւաբար, եթե օգտագործում են, դա ուշադրություն է գրավում: «Սկանդինավյան երկրներում հասկացել են, որ առնվազն հիմարություն է հասարակության կեսը կազմող կանանց ներուժը չօգտագործել երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում»,- սա Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքից մեջբերում է, որը ուշագրավ է նաեւ ակնհայտ ճշմարտություն լինելու պատճառով:

Իսկ խոսքի առիթը մարտի 9-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված Art+X շարքի հերթական միջոցառումն էր: Երեկույթի մշակութային բաղկացուցիչը կերպարվեստն էր. ներկայացված էին երեւանցի նկարչուհի Արեւ Պետրոսյանի աշխատանքները, ով ներկա էր միջոցառմանը: Իսկ հանրային օրակարգի հարցերը, որոնց իր ողջույնի խոսքում անդրադարձավ դեսպան Քիսլերը, երկուսն էին՝ ներընտանեկան բռնության թեման եւ հանրային կյանքում կանանց ներգրավվածության:

Ներընտանեկան բռնության առնչությամբ դեսպանը ճշմարտացիորեն նշեց, որ ոչ Գերմանիայում, ոչ Եվրոպայում, ոչ էլ Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը, մանավանդ ընտանիքում, ընդունելի դրվածք չի համարվում, այն մերժվում է եւ դատապարտվում: Սակայն դեռ պատահում են նման երեւույթներ, հետեւաբար ջանքերը, այդ թվում՝օրենսդրական պետք է շարունակվեն ներընտանեկան բռնությունները արմատախիլ անելու համար: Դեսպանը հայտնեց, որ Գերմանիայում այդ ուղղությամբ որոշ միջազգային կոնվենցիաներ վավերացված են, որոշները՝դեռ ոչ: Տարիներ առաջ ընդունված ԵԽ հիմնարար մի փաստաթուղթ, որը կոչվում է Ստամբուլի կոնվենցիա, Գերմանիայի խորհրդարանը վավերացրել էր միայն այժմ՝2017թ. մարտի 8-ին, եւ դեսպանը լավատեսություն ու հույս ուներ, որ Հայաստանի խորհրդարանն էլ ՀՀ ներընտանեկան բռնություններին առնչվող օրենքին կանդրադառնա ապրիլի 2-ից հետո:
Գալով հանրային կյանքում կանանց ներգրավվածությանը, դեսպանն ասաց, որ Գերմանիայում իրավիճակը սկսել է փոխվել ընդամենը 20 տարի առաջ, բայց երկար ճանապարհ կա անցնելու մինչեւ քաղաքական-հասարակական կյանքում կանանց մասնակցությունը հավասարվի տղամարդկանց մասնակցությանը: Հայաստանում էլ ճանապարհի գերակշիռ հատվածը առջեւում է, երկու կին նախարարն էլ ամբողջ կառավարությունում շատ փոքր թիվ է: Փոխարենը դեսպանը հասցրել էր համոզվել եւ ուրախությամբ նշում էր, որ Հայաստանում կանայք ակտիվ են մշակույթի ասպարեզում, կրթության, ՀԿ-ների դաշտում, եւ այլն, եւ իհարկե կանանց ակտիվություն ու հաջողություն էր մաղթում հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Իսկ նկարչուհին՝ Արեւ Պետրոսյանը, ում գործերը ցուցադրված էին դեսպանատանը, աշխարհի չափ հին կերպարվեստի աշխարհում կարողացել է նորարարական մի տեխնիկա մշակել (երկար տարիների փորձարարությունների արդյունքում), որը զգալիորեն հանգում է ոսկու եւ արծաթի թիթեղների օգտագործմամբ պատկեր ստեղծելուն: Պատկերաստեղծման այդ տեխնիկան ուշագրավ է ինքնին, բայց հայ միջնադարյան մանրանկարների ընդօրինակման համար այն ուղղակի հայտնագործություն է: Հայկական մանրանկարչությունը հրաշք է նույնիսկ հարյուրամյակներում խունացած մագաղաթների ու խամրած ներկերի մեջ… Բայց ոսկու թիթեղներով վերարտադրված տեսքով ամեն մանրանկար ասես վերակենդանացել էր, օծվել ոսկով եւ դարձել գրեթե սրբապատկեր՝ փայլի ու լույսի մեջ ճաճանչող: Արեւ Պետրոսյանի ձեռքով վերածնված այդ մանրանկարներից անհնար էր հայացքը կտրել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X