Կարեն Կարապետյանի քարոզչությունը իրավաչափ է, որովհետև նա շոու աստղ է

Ի վերջո ամեն ինչի համար էլ կարելի է հենց օրենքի լեզվով արդարացում գտնել։

Պաշտոնատար անձը վերցնում է օրենքը ու երբ տեսնում է որ այն «ջիլ թիքա է», գցում է ծամող ֆունկցիա իրականացնող օրգանի մեջ ու սկսում ծամծմել։ Այնքան է ծամում, ու երբ համոզվում է, որ այն չի մանրվում, որոշում է չմանրած կուլ տալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող քարոզչության իրավաչափության վերաբերյալ, մոտավորապես նույն կարգի գործողությամբ իրականացվեց։

Շատ են մարդիկ բարձրաձայնում վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնի մեկտեղումը քարոզչության հետ։ Վերջին օրերին Կարեն Կարապետյանն ակտիվ քարոզչությամբ է զբաղված, շրջագայում է մարզերում, նախընտրական հանդիպումներ ունենում, մնացածը դուք ավելի լավ գիտեք․․․

ԿԸՀ- ն էլ դրա շուրջ պարզաբանումներ է տալիս ընտրական բարդ տերմինալոգիայով, որպեսզի շարքային քաղաքացին ի վերջո չհասկանա՝ վարչապետն իրավու՞նք ունի բուռն քարոզչությամբ զբաղվել իր աշխատանքի ժամին, լիազորությունների շրջանակում։

Ախր սովորական տրամաբանությունը հուշում է, որ երբ աշխատանքի մեջ ես, դու չես կարող աշխատանքդ թողնել ու գնալ մի այլ աշխատանքով զբաղվել։ Ստացվում է այնպես, որ օրենքը արգելում է քարոզչություն անել և ըստ Մուկուչյանի բարդ բացատրության՝ տեղ- տեղ էլ չի արգելում․

«․․․այսինքն՝ օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ»։

Իբր մարդիկ «հալած յուղի պես ընդունեցին նրա ասածը», վերջում էլ ասում է այն, ինչի համար ընտրական օրենքի անբացատրություն էր տվել․

«Հետևաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ»:

Մեջ չեմ բերում ծամելու պրոցեսում առաջացած նրա խրթին արտահայտությունները, որոնքով շաղախված են օրենքաջրով, որովհետև ավելի՜ կխառնվեք, միայն ասեմ, փառք տվեք, որ Մուկուչյանը չի ասել՝ Կարեն Կարապետյանի քարոզչությունը իրավաչափ է, որովհետև նա շոու աստղ է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X