Դմիտրի Լիխաչովը Հայաստանի և հայերի մասին

XX դարի ռուս ամենանշանավոր մտավորականներից, բանասեր և մշակութաբան, ակադեմիկոս Դմիտրի Սերգեևիչ Լիխաչովը սերտ կապեր է ունեցել հայերի ու Հայաստանի հետ: Որպես համաշխարհային մշակույթի խոշոր գիտակ և պաշտպան՝ նա խորապես հետաքրքրված էր նաև հայ մշակույթով, ինչը բազմիցս արծարծվել է նրա գիտական զեկույցներում: Լիխաչովն էր «Հայ միջնադարյան գրականության երեք օր» սիմպոզիումի իրականացնողը: Իր ամենակարդացված՝ «Նամակներ բարու մասին» գրքում (որ ցավոք մինչ օրս հայերեն չի հրատարակվել) նա մի քանի էջ է նվիրել նաև հայկական թեմատիկային:

Նամակներից 36-րդում (1985 թ.-ից գիրքը բազմիցս լրացվել և վերահրատարակվել է, մենք օգտագործել ենք 2006 թ. «Գրական հուշարձաններ» մատենաշարի ակադեմիական հրատարակությունը) Լիխաչովը մատնանշում է հայ մարդու, մեր մշակույթի ու բնության փոխկապակցվածությունը. «Հայաստանի բազմադարյա մշակույթը հաղթեց նույնիսկ լեռներին»: Ըստ նրա, Արևելյան Հայաստանի բնապատկերներն ավելի խիստ են, քան պատկերված է Մարտիրոս Սարյանի կտավներում: «Ծառազուրկ լեռները՝ ակոսված անձրևից, առվակներից ու խաղողի այգիների զոլերից, լեռները, որոնցից գլորվում եին քարերը, խտացված գույները. դա բնություն է, որ իսկապես կլանել է ժողովրդի արյունը:

Ես արդեն գրել էի, որ գյուղացու կողմից մարդացված ռուսական բնությանը խիստ բնորոշ է վարած հողի ռիթմը, ցանկապատերի և գերանակապ պատերի ռիթմը: Ռիթմը բնորոշ է նաև Հայաստանի բնապատկերներին, բայց Հայաստանում այն ուրիշ է»: Որպես այդ ուրիշ ռիթմի վկայություն՝ Լիխաչովը նշում է Սարյանի «Երկիր» (1969) կտավը. «այն ամբողջությամբ բաղկացած է շերտերից, բայց վառ, ալիքաձև շերտերից, բոլորովին այլ, քան Ռուսաստանում մարդու ստեղծած ռիթմն է»: «Նույն այդ ալիքաձև ռիթմը յուրացված է նաև հրաշալի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի նկարներում: Նրա «Իմ ծնողները» (1962) կտավում հայրն ու մայրը պատկերված են հայկական բնանկարի ֆոնին: Զարմանալի է, որ հայկական բնության ռիթմը ասես կրկնվում է մարդկանց հոգևոր ռիթմում»:

Լիխաչովի կարծիքով՝ «Հայաստանի բնության հարստության մասին է վկայում և այն, որ բնանկարչության մեջ այն արտացոլվում է զարմանալիորեն բազմազան: Միևնույն նկարիչը ամեն անգամ այն տեսնում է տարբեր ձևով: Ու միևնույն ժամանակ մենք միշտ կասենք՝ սա Հայաստանն է»։ Այսպես, մեկ ուրիշ սարյանական բնապատկերում վարած դաշտերի քառակուսիներն են, «կարծես թե գույնզգույն գորգեր են չորացնելու համար փռել: Լեռների ու դաշտերի ռիթմերը համակցվում ու դիմակայում են միմյանց»:
Մեկնաբանելով Վ. Բրյուսովի «Հայերին» բանաստեղծությունը՝ նա գրում է. «ժողովրդի մեծությունը համաշխարհային իրադարձություններին հպվելու, առնչվելու մեջ է: Այդ տառապյալ մասնակցության, այլ ոչ թե քաղքենիական բարեկեցության մեջ է հայ ժողովրդի ոգին»: Ուստիև, «բազմաչարչար է Հայաստանը և իր նշանակալիությամբ երջանիկ»...

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանություն
X