Հանդիսատեսը նստած էր աստիճաններին

Դեռ անցած տարվա դեկտեմբերին նախատեսված «Դիմակահանդես» բալետի պրեմիերան կայացավ մարտի 5-ին, իսկ կիրակի օրը՝ մարտի 12-ին, երկրորդ ներկայացումն էր։ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» բեմադրությունը թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանինն է, բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Գլխավոր դերերում են ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն) եւ ուրիշներ:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անմահ երաժշտությունը գրվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» եւ Լավրենյովի «Լերմոնտով» դրամաների համար, իսկ 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծել է «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում։ Մոտ 35 տարի անց մեր օպերային թատրոնը որոշեց կրկին բեմադրել այս բալետը։ Անշուշտ, հայկական բալետը շատ բանով զիջում է եվրոպական եւ հատկապես ռուսական բալետին, եւ բեմի վրա նաեւ անհարթություններ կային, սակայն ուրախալի էր այն, որ օպերային դահլիճը ոչ միայն լեփլեցուն էր, այլեւ մարդիկ նստած էին աստիճաններին, միջանցքներում, դրսից բերված աթոռների վրա։

Հանդիսատեսը մեկուկես ժամ հաճույքով եւ ակնդետ հետեւում էր բեմում ճախրող արտիստներին եւ ունկնդրում Արամ Իլյիչի կախարդական երաժշտությունը։ Մի բան պարզ է, որ արվեստի սիրահար հանդիսատեսի պակաս մեզանում չկա, կա արվեստի լավ գործերի պակաս, որոնց կարոտ է հայ հանդիսատեսը։ Իսկ աշխարհի արվեստի շատ օջախներ կերազեին ունենալ այնպիսի շնորհակալ ու արվեստասեր հասարակություն, ինչպիսին երեւանյան հանդիսատեսն է։

Մեկնաբանություն
X