Ջրառատի միջադեպի վիրավորներից 2-ը եղբայրներ են, մեկը՝ Լեռնիկ Երանոսյանը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի հետեւանքով կան վիրավորներ:

Ջրառատ գյուղի բնակիչները «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ վիրավորները երեքն են՝ Հակոբ Մելքոնյանը, նրա փոքր եղբայրը՝ Նարեկ Մելքոնյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Լյովա Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը: Հակոբ Մելքոնյանը, ինչպես գյուղում ասացին՝ Հակլ մականվամբ, սպորտսմեն է՝ բռնցքամարտիկ, նրա եղբայրը նույնպես սպորտով է զբաղվում: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց Հակոբի հարվածից հետո է Լեռնիկ Երանոսյանը գանգուղեղային ցնցում ստացել:
Դեպքը տեղի է ունեցել գյուղապետարանի դիմաց, շրջակայքում ապրող բնակիչներից մի քանիսը նշեցին, որ ձայներ լսել են, սակայն թե ինչ է իրականում տեղի ունեցել, տեղյակ չեն, քանի որ, երբ տղամարդիկ հավաքված են եղել գյուղի կենտրոնում, իրենք տուն են մտել: Գյուղում այս պահին հանգիստ մթնոլորտ է, քիչ առաջ հայրական տուն եկավ Լյովա Երանոսյանը։

Մեկնաբանություն
X