Կեղծիք եւ հիմարություն

Ամենատհաճ բանը կեղծիքի ու հիմարության շաղախն է, երբ չես հասկանում՝ մարդը պարզապես հիմա՞ր է, թե՞ հիմար է ձեւանում, սրիկա՞ է, թե՞ սրիկայի կերպարն ինքնապաշտպանության ձեւ է, կաշառվե՞լ է, թե՞ անկաշառ «տրվողներից» է։ Երեկվա քարոզարշավի կադրերից մի տարեց կին է տպավորվել՝ կարծեմ 76-ամյա նախկին մանկավարժ, ով ընդդիմության հասցեին շաբլոն, անգրագետ մեղադրանքներ էր հնչեցնում՝ չեմ հավատում, բոլորն իրենց շահի համար են իշխանության ձգտում, բան չի փոխվելու, հիասթափված եմ եւ այլն։ Ապա սկսեց քննադատել մեր իրականությունը՝ ամեն ինչ վատ է, ամեն ինչ կործանվում է, էս ինչ երկիր է, էս որտեղ ենք ապրում եւ այլն, մոտավորապես նման նոտաներով։ Բայց ամենազվարճալին այն էր, որ այս դժգոհություններից հետո ասաց, որ պատրաստվում է ձայնը տալ իշխանությանը։ Դժգոհ է կյանքից, համարում է, որ մեր երկիրը վատ վիճակում է, բայց ձայնը տալու է այս իրավիճակն ստեղծողներին։ Yerevan.today կայքը հարցում է անցկացրել փողոցում՝ «ո՞ւմ չեք տա ձեր ձայնը ոչ մի պարագայում»։ Տեսախցիկն իր «սեւ» գործն արել է, եւ հարցվողների մի մասը նշում է ոչ թե այն կուսակցության անունը, որին ձայն չի տա, այլ՝ թե ում կտա։ Եվ հարցվողներից մի քանիսը հիշատակում են ՀՀԿ-ին։ Լրագրողը երկրորդ հարցն է տալիս՝ ինչո՞ւ։ Մի տղամարդ, նայելով լրագրողի աչքերին, ասում է․ «Ծրագրերի պատճառով»։ Այսինքն՝ այն ծրագրի, որն անգամ ՀՀԿ-ականների մեծ մասը չի կարդացել։ Այն ծրագրի, որը գրվում է գրվելու համար։ Այն ծրագրի, որը երբեք գործունեության ուղենիշ չէ եւ գրեթե չի տարբերվում մյուս բոլոր ծրագրերից։ Հարցվածների մեջ Հանրապետականի մի ընտրող էլ կար՝ մի կին, ով շատ ավելի «համոզիչ» բացատրություն տվեց․ «Հանրակացարանում եմ ապրում, որ հույս ունենամ, էդ հարցը կլուծվի»։

Մեկնաբանություն
X