Ծայրահեղության հաղթանակը

Այսպես ասած՝ անձին, բազմությանը հիմնովին փչացնելը, քաղաքական դիսկուրսից դուրս հրավիրելը նաեւ ինչ-որ առումով նշանակում է ակնթարթորեն տոտալիտար իշխանության վերաստեղծում, որը թույլ չի տալիս սխալվել, իսկ սխալի համար կիրառում է ամենադաժան պատիժը։ Այսօր հասարակության մեջ սխալվելը մահացու մեղք է։ Բողոքարկման ոչ մի ատյան գոյություն չունի, որպեսզի մեղսական արարքն ավելի լուրջ քննության ենթարկվի, կասկածի տակ առնվի կամ վերափորձակվի։ Պարզորեն մեռյալը ոչ թե ձայնի հնարավորություն չունի, այլ առհասարակ նա չկա։

Թվում է՝ երբ գոյություն չունեցող բանը պաշտպանվում է կամ արդարացնում իր արարքը, ամեն ինչ զավեշտի է վերածում, իսկ զավեշտն ասես մահվան կաղապարն է, մեռյալի դագաղը, որի մեջ անշնչությունն ուղղակի հարմար տեղավորվել է ուզում։ Դա պաշտպանվողական, խնամակալական լեզու չէ, դրա խարանը պղծությունն է։

ԱԺ ընտրությունների համար պայքարող որոշ ուժերի քարոզարշավի ընթացքում դեռ որքան զոհեր ու նահատակներ երեւան կգան՝ իշխանության կամ իշխանական գիտակցության զոհերն ու նահատակները, որոնք սպանվում են հասարակության, հարազատների, բարեկամների, ընկերների ու մերձավորների կողմից։ Իշխանությունը (եւ ոչ միայն) վաղուց իր զոհերի գլուխը թռցնող դահիճներ ընտրել է․․․ դրանք քաղաքացիներն են, «ընտրության» մասնակիցները, որոնք զրկված են ընտրություն կատարելու գիտակցումից։

Իշխանությունը ոչ միայն հրամայում է իր համար քարոզել, այլեւ հրամայում է սպանել իր առաքյալներին ընտրած դահիճների ձեռքով, որը կարող ենք լինել ես, դու, նա, մենք, բոլորս, նրանք, ովքեր մտնում են հրամանի լեզվի տիրույթ (Էլիաս Կանետի), ուր ապրելու միակ միջոցը սպանելու արարքը կյանքի կոչելու բնազդն է։
Մինչ ապրիլի 2-ը ով սխալ գործեց, մեռած է, ով սխալ տեղում հայտնվեց, սխալ ամբիոնում կանգնեց, սխալ պաստառի մեջ լուսանկարվեց, սխալ տեսահոլովակում երգեց, դիակ է, ով սխալ կուսակցության, սխալ քաղաքական գործչի, սխալ դաշինքի կողմնակիցը եղավ, հորելու է իր փոսը։ Այնտեղ, ուր իշխանությունը տոնում է ծայրահեղության հաղթանակը, հասարակությունը կազմավորվում է դահիճներից ու զոհերից։

Երբեւէ, համենայնդեպս նոր քաղաքակրթություններում ստեղծված իշխանությունն ինքն իր ձեռքով չի սպանում, դրա համար ոչ ժամանակ ունի, ոչ ավելորդ ռեսուրս վատնելու կիրք։ Զոհերը պատրաստ են, դահիճների բանակը՝ հավաքագրված։ Զոհերը գիտեն՝ ուր որ է սպանվելու են, ու դրա գիտակցումով զմայլված՝ կանչում են դահիճներին։ Եվ դահիճները պատրաստ են յուրաքանչյուր հրամանի անվերապահ կատարմանը։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X