Կբացվի «Տոլստոյը կյանքում» ցուցահանդեսը

Մարտի 17-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում տեղի կունենա «Տոլստոյը կյանքում» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը պատմում է Լեւ Տոլստոյի կյանքի կարեւոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի եւ շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը: Բազմամյա տքնաջան աշխատանքի ընթացքում Տոլստոյն ամենուրեք նյութ էր քաղում իր երկերի կերտման համար: Այդպես գրողի կովկասյան տպավորություններն իրենց գեղարվեստական մարմնավորումը գտան «Կազակները» եւ «Հաջի Մուրադ» պատմվածքներում: Հյուրերի սենյակը, որտեղ Տոլստոյն աշխատում էր «Աննա Կարենինա»-ի վրա, վեպում դարձավ Լեւինի սենյակը: Նրա ընտանիքի անդամները դարձան «Մանկություն», «Կալվածատիրոջ առավոտը» եւ «Պատերազմ եւ խաղաղություն» երկերի հերոսների նախատիպերը:

Ռուսաստանում լուսանկարչական գործի զարգացումը համընկել է Տոլստոյի կյանքի եւ ստեղծագործության ժամանակաշրջանի հետ, եւ մեզ են հասել բազմաթիվ լուսանկարներ, որտեղ գրողը պատկերված է ստեղծագործական տարբեր փուլերում՝ սկսած գործունեության սկզբնական շրջանից մինչեւ կյանքի վերջին տարին: Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի եւ իմաստուն ծերունու հետ, ով մարդկությանը կոչ էր անում ոչ թե մարմինը բուժել, այլ՝ հոգին։

Մեկնաբանություն
X