Արձանը կտեղափոխվի

Երվանդ Քոչարի 1956 թ․ «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը նախկին Գրապալատին հարող շենքերի հետնաբակից կտեղափոխվի Գեւորգ Քոչար փողոց՝ Դրամատիկական թատրոնին հարող պուրակ, ինչին չեն առարկել նաեւ Քոչարի ժառանգները:

Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Գագիկ Եգանյանի խոսքով, Քոչարի՝ «ծուղակում» հայտնված ստեղծագործությունն առաջիկայում կտեղադրվի բաց տարածքում, գեղեցիկ միջավայրում, որտեղ այցելուները հնարավորություն կունենան գնահատելու արձանի գեղագիտական արժեքը: Ժամանակին արձանը տեղադրված է եղել Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում, որի բաց հատվածը փակվեց, ու Քոչարի ստեղծագործությունը հայտնվեց փակ տարածքում՝ զրկվելով նախկինում ունեցած իր գրավչությունից:

Արձանը գրեթե անտեսանելի էր դարձել ոչ միայն այցելուների, այլեւ տարածքում ապրող բնակիչների համար: Սա է պատճառ հանդիսացել, որ մշակույթի նախարարությունը՝ քաղաքապետարանի համաձայնությամբ, որոշել է տեղափոխել արձանը: Այժմ՝ արձանը տեղադրելուց առաջ, հիմքի ամրապնդման աշխատանքն է արվում: Բետոնե վնասված պատվանդանի փոխարեն Քոչարի ստեղծագործությունը կունենա բազալտե նոր պատվանդան: Իսկ արձանն այս պահին գտնվում է վերականգնման արհեստանոցում, որտեղ կարգի են բերվում վնասված հատվածները:

Մեկնաբանություն
X