Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ»․ Արգամ Աբրահամյանի շտաբը հայրն է ղեկավարում. մարզպետի խոսքը հասել է նրա ականջին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում:

Ականատեսների վկայությամբ, Հովիկ Աբրահամյանն ամբողջ օրը Արտաշատում իր որդու շտաբում է անցկացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով շտաբի պետ է նշանակված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Գարսևան Վարդանյանը, բայց իրականում Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում ոչ միայն որդու նախընտրական գործունեությունը, այլև մարզում «Ծառուկյան» դաշինքի շտաբը: Ինչպես հայտնի է, Արարատի մարզը ամենաթեժ ընտրատարածքներից է, և Աբրահամյանների գործոնն ավելի է թեժացնում իրավիճակը:

Արտաշատցիների փոխանցմամբ՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերջերս նեղ շրջապատում հայտարարել է, որ կոտրելու է Աբրահամյանների դինաստիայի տիրապետությունը հենց այս ընտրություններից սկսած, որ Ծառուկյան-Աբրահամյան խնամիները պետք է պարտություն կրեն: Այդ խոսքը հասել է Հովիկ Աբրահամյանին ու նա էլ ողջ ուժով ու հնարավորություններով լծվել է մարզպետին ու նրա պատգամավոր եղբորը հակառակն ապացուցելու գործին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X