Ընտրությունների «խաթեր»

Թուր ու թվանքի, մաուզերիստների տրաք-տրաքոցների, արյան, սպանդի ու բռնության անմարդկային օղակի միջով ենք մոտենում ԱԺ ընտրություններին: Մի դար շարունակ ոչ մաուզերիստները վերացան, ոչ նրանց ատրճանակների տրաքոցները, ոչ լայնաշեղբ դանակների թափած արյան կաթիլները:

Քարե դարն ու ֆեոդալիզմը մնացել են ետեւում, իսկ ավազակությունն ու բռնությունը բնավ քարե դարի ու ֆեոդալիզմի արարմունք չեն: Մեծ հաշվով՝ հարստահարությունը, կեղեքումը, սրի քաշելը գրեթե ժամանակ ու տարածություն չեն ճանաչում: Սեփական կուսակցության, դաշինքի, ընտրությունները հաղթելու «խաթեր» մաուզեր ու դանակ քաշողները, ատրճանակից փամփուշտ արձակողները նույն վայրկյանին կործանում են Հայաստանի ոչ թե ապագան, այլ անվերապահ ներկան, կրակում են ուղիղ նրա կենսական գիտակցության մեջ, մարում են այդ գիտակցության գուցե թե վերջին հնարավորությունը, փորձը:

Ոչ մի խիստ պատիժ այլեւս ի զորու չէ վերականգնել այն բացը, որի հեղինակը բռնությունն է: Առհասարակ, բռնարարքը պատժաչափով ու պատժատեսակով միայն սրում է իր ներկայությունը, ինքն իրեն խոստանալով ուրույն ու պարզ հարատեւություն: Ընտրությունների «խաթեր» կրակողներին, արյուն թափողներին որքան ուզում եք պատժեք, միեւնույն է, վերջին հաշվով, նրանց բռնարարքն արդեն կյանքի է կոչված, եւ բռնարարքից դեռ տասնյակ տարիներ առաջ նրանք ամբողջովին ընդունել են իշխանությունների պատվաստը, նոր շիվեր ու կանաչ տերեւներ են տվել:

Ընտրությունների «խաթեր» կրակողն ու դանակ քաշողը գիտի, թե ինչ է անում, ինչպես է անում եւ, ամենակարեւորը՝ ում համար է անում: Արդ, հակառակ կողմն է անմեկնելիության մեջ, քանի որ շուրջբոլորը կրակողներն ու դանակ քաշողներն ակնհայտորեն գերակայում են, եւ նրանց մեջ ինքն ավելի շատ է, որովհետեւ մանկուց սովոր է, գիտի՝ Հայաստանում ընտրությունների նախօրեին ավանդաբար ճարճատում են հանապազօրյա մաուզերներն ու զնգում դանակների շեղբերը, սովոր է, գիտի՝ դրանից հետո ինչ-որ մեկին կամ մի քանիսին թաղում են, ինչ-որ մեկին կամ մի քանիսին հասցնում են վիրահատարան, որտեղ անդամահատում են, մասնատում, կիսով չափ կարկատում են, ապա իմաստավորում ու իմաստազրկում, դիմակավորում ու դիմակազերծում:

Այս ընտրություններն արդեն իսկ կործանված են, քանի որ վերստին մարմնական են, իսկ մինչեւ ապրիլի 2-ը բաց տարածության վրա անգամ ամենադիմացկուն մարմինները լեշերի չվերածվելու այլընտրանք չունեն:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X