Իրավունք

Պարզվում են 26-ամյա երիտասարդի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017թ. մարտի 15-ին՝ ժամը 21:35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչը:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, վիճաբանության պատճառը, որի ժամանակ 26-ամյա երիտասարդն ստացել է ծանր մարմնական վնասը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը դիտողություն է արել մի խումբ երիտասարդների՝ իրենց տան բակում հայհոյելու համար, ինչից հետո երիտասարդներից մեկը ոտքով հարվածել է տղամարդու կրծքավանդակին, վայր գցել։ Վերջինս տանից վերցրել է դանակը, դուրս եկել բակ և հարվածել երիտասարդներից մեկի որովայնին։

Տղամարդը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դանակը, որով, ըստ նրա հայտարարության, հարվածել է երիտասարդին։ 56-ամյա տղամարդը ևս, առողջության վատթարացման պատճառով, տեղափոխվել է «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղ նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ոսկորների կոտրվածք»:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում 26-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են նրա և 56-ամյա տղամարդու հագուստները։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություն
X