Ոչ մի վարչապետական դրայվ եւ ցըմ-պա-պա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին չի օգնի․ Հովսեփ Խուրշուդյան

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Օրերս տեղեկացրինք, որ Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում էին գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի հետեւանքով կային վիրավորներ: Դեպքի վերաբերյալ զրուցեցինք «ՕՐՕ» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ջրառատում տեղի ունեցած դեպքին։ Սա քաղաքական կողմնորոշմա՞ն համար էր, քաղաքական հայացքների՞, թե ինչպես մամուլում գրեցին՝ անձնական հաշիվներ կային։

-Ջրառատում մարտի 12-ին տեղի ունեցածը, կարծում եմ, լիովին համահունչ էր այն բարքերին, որը ՀՀԿ-ն տարիներ շարունակ արմատավորում է Հայաստանի մարզերում: Այսինքն՝ վախի մթնոլորտ, տեղական ֆեոդալների ճնշում համագյուղացիների վրա, քաղաքական իրավունքների ոտնահարում: Եւ երբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքնի առաջնորդները հաջող ընտրարշավ անցկացրին գյուղում՝ շնորհիվ տեղի ակտիվ կառույցի, գյուղապետը սրտնեղել էր եւ սկսել էր հայհոյանքներ տեղալ մարդկանց հասցեին, ապա երբ նրան հակադարձել էին, նրա ազգական Լեռնիկ Երանոսյանը զենք էր պահել համագյուղացիների վրա, որից սակայն նրանք չէին ընկրկել եւ արժանի հակահարված էին տվել ուսադիրավոր զինված խուլիգանին՝ վնասազերծելով նրան: Քաշքշոցի արդյունքում հրոսակը հայտնվել էր հիվանդանոցում: Սակայն անզեն գյուղացիների կողմից զինված ՀՀԿ-ակայն հանցագործին վնասազերծելը հավանաբար խիստ վտանգավոր նախադեպ թվաց ՀՀԿ-ի բարձրագույն ղեկավարության համար: Եւ այն, ինչը որ տեղի ունեցավ մարտի 14-ին, արդեն լավ կազմակերպված, հստակ սցենարով ընթացող, ոստիկանության ու ԶԼՄ-ների PR-ուղեկցմամբ սադրանք էր:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ սա մեսսիջ էր հանրությանը։

-Միանշանակ՝ այո, սակայն ես կարծում եմ, որ նման ուղերձներ իշխանությունները հղում են քրեական տրամաբանությամբ՝ վախի մթնոլորտը պահպանելու եւ թույլ չտալու քաղաքացիների ազատ կամարտահայտությունը առաջիկա ընտրություններին: Սակայն, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, քրեականից տարբերվող տրամաբանությամբ է առաջնորդվում եւ նման ապօրինությունները եւ բռնարարքները ընդդիմության հանդեպ միայն ավելացնում են դժգոհությունն ու վրդովմունքը, եւ այս ուղերձը կարող է ընկալվել որպես ընտրությունների միջոցով իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ՀՀԿ-ի հրաժարում: Այս ամենը կարող է մարդկանց հանել փողոց եւ խթանել մի հզոր հակաիշխանական շարժում դեռ մինչեւ ընտրությունների օրը, եւ արդեն ոչ մի վարչապետական դրայվ եւ ցըմ-պա-պա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին չի օգնի:

- Ինչպե՞ս կարելի է կանխել նման միջադեպերը։ Եթե առաջիկայում կրքերը լարված մնան, ոնց հիմա է, արդյոք չե՞նք խուսափի հերթական միջադեպից։

-Նման միջադեպերը կանխել կարող են միայն երկրի դե ֆակտո իշխանությունները՝ կենտրոնական թե տեղական, քանի որ նրանք են այդ միջադեպերի հեղինակները, հովանավորները եւ շահառուները:

Հ․Գ․ Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին: Հավելյալ մեկնաբանություններ այս կապակցությամբ Հովսեփ Խուրշուդյանը չցանկացավ տալ։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X