Մի մասնիկ հանգեց բոլորի հոգում

Մարդիկ իբրեւ ինքնամխիթարություն, թե «ունայնություն ունայնությանցի» արձանագրում, սովորություն ունեն կրկնելու, որ մահը հավասարեցնում է ամենքին: Մահը հավասարեցնում է գուցե այն առումով, որ այդպես ավարտվում է բոլորի կյանքը, բայց մահը նաեւ մեծագույն տարբերությունն է ստեղծում մարդկանց միջեւ: Պատահում են մահեր, որոնք ցնցում են իրականությունը, ալիքվում են աուրայում, դիպչում են բոլորի հոգուն: Ըստ պատմագիրների հազարամյակներ առաջ Եգիպտոսի ամենահայտնի թագուհին՝ Կլեոպատրան Հուլիոս Կեսարին ասել է՝ դուք կարող եք սպանել մարդկանց, բայց իրավունք չունեք սպանելու մարդկային միտքը: Թագուհին կատարելապես ճիշտ է եղել, որովհետեւ մարդկային միտքը, հոգու թռիչքը հավերժում են նյութական ու աննյութական արժեքներում, նույնիսկ երբ վաղուց չկան մարմինը եւ մարդը: Սակայն պատահում են կյանքի իրադրություններ, երբ մարդկային միտքը, հոգու թռիչքը, նվիրական արժեքները, լույսը, ճշմարտությունը ժամանակակիցների աչքում հանկարծ մարդկանց խմբի կամ մի մարդու մեջ են մարմնավորվում: Նրանց հետ հոգու թելերով կապվում են բոլորը: «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի դեպքում հենց դա էր կատարվել: Այդ պատճառով էլ նրա մահը հոգու թելեր կտրեց, լույսի ու ճշմարտության մի մասնիկ հանգցրեց բոլորի հոգում: Երեկ Հայաստանում ցավակցել կարելի էր ծանոթին ու անծանոթին, երեւի միլիոններին, ինչպես մարտի 1-ի զոհերի դեպքում: Նման ցավերը չեն սպիանում, չեն սփոփվում, չեն մոռացվում… Թերեւս միակ բանը որ այսօր կարող է անել Հայաստանը իր եւ Արթուր Սարգսյանի համար, վերջինիս հուղարկավորությունը Ազատության հրապարակից կազմակերպելն է: Իսկ հետո, ապրիլի 2-ին եւ Արթուր Սարգսյանի, եւ «Մարտի 1-ի» զոհերի, եւ «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հանդեպ հարգանքի մեծագույն տուրքը կլինի Հայաստանի ներկա իշխանությանը մերժելն ու տապալելը:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X