Էրդողանն ուռկանը նետել է և հանել չորս հոգի

Այս օրերին աշխարհում այնքան ռեզոնանսային իրադարձություններ են զուգահեռ կատարվում, որ դժվար է դրանցից մեկի վրա կենտրոնանալ: Եթե արեւի շարժմանը հետեւելով արեւելքից դեպի արեւմուտք հայացք նետենք, ապա թեկուզ միայն վերջին մեկ-երկու օրում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջին արտասահմանյան այցով ժամանեց Ճապոնիա, որտեղից մեկնելու է Չինաստան եւ Հարավային Կորեա՝ օրակարգում ունենալով հատկապես Հյուսիսային Կորեայի առաջնորդին Չինաստանի օժանդակությամբ զսպաշապիկ հագցնելու, միջուկային փորձարկումները կանխելու կամ գոնե դրանց առավել արդյունավետ հակազդելու հարցը:

Մերձավոր Արեւելքում Դամասկոսի դատական բարձրագույն ատյանում պայթյուններ որոտացին՝ ահաբեկչությունն ընդհուպ մոտեցնելով Բաշար Ասադի իշխանության միջնաբերդին: Իրաքում էլ հաստատվեց, որ Մոսուլի Հին քաղաքի ազատագրման մարտերում ոչնչացվել է ISIS-ի հերթական պարագլուխը, ով եղել է համացանցում ISIS-ի զինյալների եւ համակիրների հիմնական հավաքագրողը: Թուրքիայում իշխանության հակա-եվրոպական հիստերիային, անմիտ հայտարարություններին եւ քայլերին միացան համացանցի թուրք ցանցահենները՝ հարձակումներ իրականացնելով Նիդեռլանդների եւ Գերմանիայի հանրային ու պետական կառույցների էլեկտրոնային կայքերի հանդեպ:
Աֆրիկյան մայրցամաքում՝ Սահարայում շարունակվեց զանգվածային սովամահությունը, որը, համաձայն ՄԱԿ-ի գնահատումների, ամենածանր հումանիտար աղետն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր եւ կարող է ավարտվել մի քանի տասնյակ միլիոն մարդու սովամահությամբ:

Եվրոպայում բոլորի ուշադրությունը երեկ եւ նախօրեին գամված էր Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությանը: Ամենքին հետաքրքրողն աշխարհահռչակ հակաիսլամիստ, Նիդեռլանդներում մահմեդականների արտաքսումը եւ Ղուրանի արգելումը քաղաքական ծրագիր դարձրած Գիրտ Վիլդերսին տրվող ձայներն էին: Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդների ընտրությանը մասնակցում էր 28 կուսակցություն, եւ դրանցից 27-ը հրաժարվել էր Վիլդերսի հետ հետընտրական կոալիցիա կազմելուց, ինչը նշանակում էր, որ Վիլդերսը որքան էլ ձայն հավաքի, միեւնույն է՝ կառավարություն չի կազմավորի, ոչ էլ նույնիսկ կառավարության կազմում կհայտնվի: Նիդեռլանդներում ոչ մի կուսակցություն 25%-ից ավելի քվե չի ստանում արդեն 130 տարի, եւ վերջին անգամ ոչ-կոալիցիոն կառավարություն կազմվել է 19-րդ դարի վերջին:

Սակայն բոլորին հետաքրքրում էր Վիլդերսի քվեների քանակը, քանի որ դա Եվրոպայում աջ ծայրահեղական, ամբոխավարական տրամադրությունների ցուցիչ էր: Կեսգիշերին հայտնի դարձավ, որ վարչապետ Ռուտեի կուսակցությունը 33 մանդատ է ստացել Վիլդերսի 20 մանդատի դիմաց: 19-ական մանդատ էին ստացել նաեւ էսթաբլիշմենթը ներկայացնող երկու այլ կուսակցություններ: Եվրոպայում բոլորը հանգիստ շունչ քաշեցին. Brexit-ի եւ Թրամփի ընտրությամբ սկզբնավորված անպատասխանատու ամբոխավարության հաղթարշավը Նիդեռլանդներում կասեցվեց: Մնում է Ֆրանսիայի ընտրություններում Լը Պենը նույնքան տպավորիչ պարտվի:

Ամերիկայում, ինչպես հունվարի 20-ի պաշտոնամուտից ի վեր գրեթե ամեն օր, իր ռեպերտուարի մեջ էր նախագահ Թրամփը՝ նորից առիթ տալով հիշելու ամերիկյան հոգեբանի խոսքը. «Եթե Դոնալդ Թրամփն աննորմալ վարք ունի, դա դեռ ապացույց չէ, որ նա հոգեկան հիվանդ է: Մի վիրավորեք հոգեկան հիվանդներին»: Դեռ 100 օր չի անցել նախագահի պաշտոնն ստանձնելուց, Թրամփը 2020-ի վերընտրման նախընտրական հիմնադրամ է ձեւավորել եւ այդ հիմնադրամի ֆինանսավորմամբ գնացել էր Միչիգան՝ նախընտրական արշավի: Այս մարդը, ակներեւաբար, ունակ չէ նախընտրական արշավից բացի ուրիշ մի գործունեության: Մարտի 15-ին նա նորից յոթ մահմեդական երկրներից քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրի նոր տարբերակ ստորագրեց, որը, սակայն, նախորդի նմանությամբ, նույնիսկ դեռ ուժի մեջ չմտած, վիճարկվեց եւ արգելափակվեց դատարաններում:

Դատավորները նոր տարբերակում դարձյալ սահմանադրության խախտումներ էին տեսել: Սակայն դատարանները նախանձելի վիճակում են ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական մարմինների հարցերով հանձնաժողովի համեմատությամբ: Վերջինիս առհասարակ չի հաջողվում Սպիտակ տնից ստանալ որեւէ թուղթ կամ ապացույց Թրամփի թվիթերյան գրառման, այնուհետ վերահաստատած ամբաստանության առնչությամբ, թե իր հեռախոսազանգերը նախընտրական շրջանում Օբամայի ցուցումով գաղտնալսվել են: Օրեր են անցել, վերջնաժամկետներ են խախտվել, Թրամփը ոչ մի հիմնավորում չի ներկայացնում: Այժմ էլ Սպիտակ տնից մեկնաբանում են, թե Թրամփն Օբամա ասելով՝ Օբամային նկատի չի ունեցել: Իսկ ո՞ւմ է նկատի ունեցել… Դե, եկ ու հոգեբանի բառերը մի հիշիր:

Խելահեղության դափնիները՝ Էրդողանին

Այդուհանդերձ, ոչ Հյուսիսային Կորեայի բռնապետը, ոչ ISIS-ի պարագլուխները, ոչ Նիդեռլանդների Վիլդերսը, ոչ էլ Թրամփի ռեալիթի-շոուները չեն կարող Էրդողանից խլել շաբաթվա խելահեղության դափնին: Երեւի աշխարհում չկա միջազգային լրատվությանն առնչվող մեկը, ով չի լսել, թե ինչպես են Նիդեռլանդներում անցյալ շաբաթավերջին արգելել Թուրքիայի ԱԳ նախարարի ինքնաթիռի վայրէջքը, «persona non-grata» հայտարարել եւ երկրից արտաքսել չալմայապատ մեկ այլ նախարարի, Ռոտերդամի թուրքական հյուպատոսարանի առջեւ հավաքված ցուցարարներին էլ ձիավոր ոստիկաններով ու շներով ցրել:

Թուրքիայում ամբողջ քաղաքական դաշտը դրանից հոգեկան տրավմա է ապրել: Բոլորը գոչում ու պահանջում են Նիդեռլանդների դեմ դեմարշ, Էրդողանն ու AK-ն էլ իրենց ողջ մտավոր ունակությունները լարել են մի լուծում գտնելու, որով մի կողմից Նիդեռլանդների դեմ հրապարակավ հայհոյախոսեն, քաղաքական կապեր խզեն, մյուս կողմից, սակայն, հոլանդական բիզնեսին չնեղացնեն, նրանք Թուրքիայից իրենց ներդրումները չհանեն:

Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ ծավալված քաղաքական փոխհրաձգության, դիվանագիտական դեմարշների եւ Թուրքիայի հանդեպ ուրվագծվող տնտեսական ճնշումների ողջ իրարանցման մեջ, սակայն, ամենախոսուն դրվագը մի զվարճալի եւ չգիտես՝ Էրդողանին, AK-ին, թե Թուրքիային ոչնչացնող տեղեկություն էր: Թուրք նախարարներին Եվրոպայից արտաքսելուց ի վեր Էրդողանը փրփուրը բերանին աղմկում ու սպառնում էր, որ ինքը Եվրոպայի դեմ կհանի ողջ աշխարհը, մասնավորապես՝ Իսլամական կոնֆերանսի երկրներին, որտեղ այժմ Թուրքիան նախագահում է: Մինչդեռ աշխարհը, գոնե իսլամական աշխարհը Եվրոպայի դեմ հանելու կամ նվազագույնը գոնե Թուրքիային զորակցող հայտարարությունների հասնելու Էրդողանի հավակնություններից ու ջանքերից ահա թե ինչ ստացվեց:

Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն օրերս մի նյութ տարածեց՝ «Աշխարհը դատապարտում է Նիդեռլանդներին» վերտառությամբ՝ «աշխարհ» անվան ներքո թվարկելով չորս անձի անուն: Մեկը քաղաքական կուսակցության անդամ էր՝ Թունիսից, մյուսը քաղաքական գործիչ էր՝ Մավրիտանիայից, երրորդը նախկին պաշտոնյա էր՝ Իրաքից, չորրորդը՝ քաղաքականապես հայտնի դեմք Եգիպտոսի հալածվող ընդդիմությունից: Էրդողանի նետած ուռկանը ողջ աշխարհից ընդամենը չորս հոգու էր կարողացել հանել, որոնց անուն առ անուն թվարկել էր «Անադոլու» գործակալությունը: Դա մոնումենտալ լուր էր՝ Էրդողանի խելահեղության պատասխանը եւ Թուրքիայի մերժվածության ցուցիչը միաժամանակ:

Թուրքիայի շուրջ մեկուսացման օղակը սեղմվում է, եւ երկրի ներսում խնդիրները բազմապատկվում են տպավորիչ պրոգրեսիայով: Եթե ներկա ընթացքը ձգվի մինչեւ ապրիլի 16-ը, ապա կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, որ Սուրբ Հարության տոնին Թուրքիան կհատի գոյության ու կործանման ռուբիկոնը: Սահմանադրական հանրաքվեում Էրդողանի տապալվելու դեպքում անգամ Էրդողանի կուսակիցներն են մարգարեանում, թե երկրում կսկսվեն քաղաքացիական բախումներ, ինչը վերջնահաշվում նշանակում է քաղաքացիական պատերազմ եւ Թուրքիայի փլուզում ներսից:

Էրդողանի հաղթանակի դեպքում արտաքին անբարյացակամությունն ու ճնշումները կահագնանան՝ Թուրքիային դեպի քաոս ու փլուզում հրելով դրսից: Տեսնենք՝ ռուբիկոնն ինչպես կհատվի Սուրբ Հարության տոնին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X