Հաց բերողը դարձավ քաղաքական դաշտի ոճրագործության զոհը

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահը Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն իր անձնական ողբերգությունն է համարում. «Ոչ ծանոթ էի այդ մարդուն, ոչ երբեւէ հանդիպել եմ, բայց, հավատացեք, հիմա ուղղակի քամված եմ, իսկապես ողբերգական բան եղավ, բայց ոչ իր համար, այլ՝ բոլորիս, որովհետեւ ինքն ի սկզբանե պատրաստ էր դրան, երբ այդ գործն արեց։ Այսինքն՝ ինքը դրան իբրեւ մահապարտ գնաց։

Ինքը շատ բան փոխեց, որակ փոխեց, ինքն ինձ փոխեց, վստահ եմ՝ նաեւ ուրիշներին փոխեց, շատ շատերին էլ չփոխեց՝ ոնց որ դահիճ էին իրենց էությամբ ու հաց պղծող, այդպես էլ մնացին։ Հիմա խոսում եմ ու հիշում եմ Թումանյանի տողերը՝ ոնց էր համը իմ ձագի...այսինքն՝ այդ քննիչները, այդ իրավապահ մարմինները, քաղաքական պատվեր տվողներն ի՞նչ են հիմա զգում, տեսնես զգո՞ւմ են, որ իրենք են դա արել... թեպետ ինձ համար միեւնույն է՝ իրենք ինչ կզգան, բայց ես կուզենայի, որ այս մահն իրենց վերափոխեր, եթե Արթուրի արարքը չվերափոխեց, ապա գոնե Արթուրի իմացյալ մահը, որին իրենք նպաստեցին, գոնե իրենց մեջ մի բան փոխի, մարդկային մի բան արթնանա իրենց մեջ։

Նա ոչ թե անտարբերության զոհ դարձավ, այլ ավելի շատ՝ դաժանության, իրավապահ մարմինների, մեր քաղաքական դաշտի ոճրագործության, էն, որ չգիտեն, թե որտեղ պետք է բանեցնեն դաժանությունը։ Այդ դաժանությունը պետք է կիրառել հանցագործների, պետության դեմ դավաճանություն գործածների, հաց պղծողների դեմ, բայց իրենք իրենց դեմ ո՞նց կիրառեն»։

Թուխիկյանը կարծում է, որ Հաց բերողի մահը շատ ավելի մեծ փոփոխություններ է բերելու նաեւ նրանց մոտ, ովքեր ոչ թե անտարբեր էին, այլ անզոր էին զգում ինչ-որ բան փոխելու։ «Շատ լուրջ բան կատարվեց, այսինքն՝ ինչ ինքը ծրագրել էր, իր լրումին հասցրեց, ինքը գնում էր մահվան՝ շատ հստակ հասկանալով, որ ամեն վայրկյան այդ մահը վրա կհասնի, ու ինքը դրանից չէր վախենում, դա անվախություն էր վախկոտների մեջ։ Հիմա մի նոր բան կսկսվի, նոր զարթոնք՝ ուղեղային զարթոնք, արարքային զարթոնք, դահիճների նկատմամբ անհանդուրժողականության զարթոնք»։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը ցավում է Հաց բերող մարդու տեսակի համար. «Խորապես ցավում եմ։ Հաց բերող մարդը երբեք չի կարող քաղաքական անարդար խարդավանքների ներկայացուցիչ լինել։ Հաց բերողն ազնիվ, առաքինի մարդ է, հակառակ դեպքում նրա հացը չի ուտվի։ Անձամբ չեմ ճանաչել նրան, բայց մարդ, ով կարող է հանուն արդարության հացադուլ անել, իր առողջությունը վնասել, այդպիսի մարդիկ քիչ են մնացել, եւ մենք իրականում պետք է դողանք նրանցից յուրաքանչյուրի համար, որովհետեւ նրանց կռիվը ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ իր ժողովրդի բարեկեցության, ապագայի համար է՝ հանուն հայրենիքի է։ Այդ մարդիկ հանուն հայրենիքի են ապրում, խոսում, կռվում, վիճում, լռում, հացադուլ անում, ոչ թե ինչ-որ բանի համար... շատ ափսոս, ծանր կորուստ էր... այդ մարդը հերոս էր, կրակոցների տարափի ներքո գնաց ու հաց տարավ մարդկանց, իսկ մարդուն հաց հասցնողը կարգին մարդ կլինի»։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի համար Արթուր Սարգսյանն ուղղակի հաց հասցնող չէր. «Նա ազնիվ մարդու, հայ ազնվականի կերպարն էր, որին սպանում են դարեր շարունակ: Լավ, ինչպե՞ս պիտի վարվել բոլոր նրանց հետ, ով դա չհասկացավ, չտեսավ կամ, ավելին՝ տեսավ ու հատուկ սպանեց: Մենք լավը չենք, մենք կիսատ ենք, մենք բոլորս միասին մասնակցեցինք այս անարդար վախճանին: Մեզնից շատ քչերը պայքարեցին նրա ազատվելու համար, իսկ մեծ մասը մնաց տներում նստած, ՖԲ-ի առաջ գիր անելով:

Դուրս չեկանք փողոց՝ մի անպաշտպան մարդու փրկելու համար, չջարդեցինք բոլոր այն դռները, որոնց հետեւում անասուններ են նստած, ովքեր որոշում են ում, երբ եւ ոնց պատժեն: Ամոթ մեզ բոլորիս, իսկապես խորը ցավ եմ ապրում, որովհետեւ համոզվեցի, թե ինչքան իսկական ու բարձր դատողության տեր անձնավորություն էր այդ պարզ, շիտակ եւ միեւնույն ժամանակ լուսավոր արժեքներ դավանող հայը»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X