Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը․․․

Ոնց որ թե ավելի լավ սկսեցի հասկանալ, որ հացը Քրիստոսի մարմինն է։ Հոգևոր իմաստով է ասված, ու այն պետք է ճաշակեն բոլորը։

Ի՜նչ սրբությամբ է մեր եկեղեցիներում կատարվում նշխար տալու արարողությունը։ Նշխարի, որպես սուրբ հացի կիրառման համար հիմք են հանդիսացել Հիսուսի խոսքերը, թե Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը (Մատթ. 26.26)։ Հիսուսն իր զավակների մեջ տարբերություն չի դրել՝ առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը։ Ագաթանգեղոսը նշխարը հիշատակում է «Եկեղեցու օրհնյալ հաց» ձևով։

Սա, գիտե՞ք ինչի համար եմ ասում։ Հաց, նշխար հասցնելը ամենասուրբ պարտականությունն է, իսկ երբ կյանքդ վտանգի տակ դնելով ես նշխարը հասցնում, դա քրիստոնեական ամենավեհ քայլն է։

Արթուր Սարգսյանի հաց տանելու քայլի մեջ քրիստոնեական այս առաքելությունն է ժողովուրդը տեսնում։ Ու լավ է, որ դա է տեսնում։ Դա վկայություն է այն բանի, թե որքան շատ է սիրում ժողովուրդը Քրիստոսին։

Եկեղեցու համար պատեհ պահ էր, հազար մասի բաժանված ժողովրդական բեկորներն ի մի բերել, հացի խաղաղասիրությամբ լցնել մարդկանց հոգիներն ու նրանց առաջնորդել Աստծո սիրո ճանապարհով․․․

Քրիստոնյա Մարդը հաց է հասցրել սովյալներին՝ իրեն վտանգի ենթարկելով։ Սրա մեջ պետք չէր փնտրել քաղաքականություն, սրա մեջ պետք էր տեսնել միայն Աստծո Սեր ու այդ Սիրով միավորել բաժան- բաժան եղած հոտը։

Հիմա էլ գուցե ուշ չէ։ Հաց բերողը հավերժության ճամփին խաղաղության աղավնու նման կանաչ շիվ է նետում մարդկանց՝ նշխարը բոլորինն է, ո՜չ մեկին չզրկեք նշխարից։

Մեծ անելիք ունի եկեղեցին՝ դարմանելու Աստծո սիրով այն ցավը, որ պատել է ժողովրդին։ Եթե ի սկզբանե բացատրվեր հաց տալու խորհուրդը, այն չքաղաքականացվեր, կարծում եմ, մեր պաշտոնյա այրերի մեջ շատ բան կփոխվեր․․․ Ամենակարևորը՝ մոտեցումը կփոխվեր։ Իմ կարծիքն է՝ եկեղեցին խաղաղասիրություն պիտի ներարկի իր հոտի առաջնորդներին, փորձի շտկել օրեցօր խորացող անջրպեդը ․․․ Եվ ոչ թե սպասի, թե ինչ են ասում աշխարհիկ առաջնորդները։ Դժվար է, բայց Աստուծոյ համար անկարելի բան չկա։

․․․Իսկ աշխարհիկ կյանքում հիանալի օրինակ է Թումանյանի կտավից պոկված խղճի այս գույնը․

«Գիքորը կծկվեց վերմակի մեջ, գլուխը կոխեց տակը, տապ արավ։
«Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թե տուն չունեմ, վա՜յ, տուն չունե՜մ...» իր երգը երգելով Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը. ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։

-Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում հա՜ , էդպե՜ս... - նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին։- Դե, առ, տեղի տակին թաքուն կեր, խազեինը չիմանա։

Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան վրա, էն օրերի վրա, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների վրա, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար... մերը լաց էր լինում, չէր ուզում...
Ա՜խ, նանի ջան, ի՜նչ լավ էր սիրտդ իմացել,–հառաչում էր Գիքորը տեղի տակին ու հաց ու պանիրը ուտում, ականջը սրած, թե խազեինը հո չի գալի»։

ՀԳ․․․ Արթուրի մարմինը կուզեի խաղաղություն գտներ Սուրբ մի վայրում, ներող եղեք․․․ Հացը, նշխարը խաղաղության խորհրդանիշ է․․․ Հիսուսի խոսքերն այս դեպքում կյանք են ստանում՝ առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X