Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը՝ արդեն անգլերեն

Լոնդոնում մարտի 14-16-ն անցկացվում է Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսը: Հայաստանի տաղավարը կազմակերպել են Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:
Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի անգլերեն հրատարակությունը լույս տեսավ անգլիական «Գլագոսլավ» հրատարակչությունում: Սա «ԱՐԻ» գրական գործակալության կողմից իրականացված առաջին գործարքն է: Գործակալության տնօրենն է Արեւիկ Աշխարոյանը:

«Գլագոսլավը» երկար տարիներ հրատարակում է ուկրաինացի, ռուս, լեհ, սերբ հեղինակների ստեղծագործություններ, իսկ վերջին մի քանի տարում նախաձեռնել է նախկին խորհրդային երկրների գրականության հրատարակումներ:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի թարգմանությունը Նաիրի Հախվերդիինն է: Օրեր առաջ նաեւ ստորագրվել է վեպի արաբերեն թարգմանության իրավունքների պայմանագիրը եգիպտական «Ալ Արաբի» հրատարակչության հետ: Վեպի ֆրանսերեն հրատարակության գործընթացը բանակցության ընթացքում է, եւ շուտով հայտնի կլինի, թե որ հրատարակչատունն այն լույս կընծայի:

Արդեն 2015 թվականին Ուկրաինայում Լվով քաղաքի «Видавництвом Старого Лева» հրատարակչատունը լույս էր ընծայել Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների առաջին ժողովածուն, որն ուկրաիներեն թարգմանել էր Անուշավան Մեսրոպյանը: Ուկրաինայում «Ռոբինզոնի» տպաքանակը կարճ ժամանակահատվածում սպառվել է, իսկ գրքի վերաբերյալ ուկրաինական մամուլում մինչ այսօր հրապարակվում են եւ շրջանառվում գրականագիտական հոդվածներ, գրախոսականներ:

Շուտով «Դարակ» հրատարակչությունը լույս կընծայի նաեւ «Ցտեսություն, Ծիտ» վեպի երկրորդ հրատարակությունը՝ հեղինակի որոշակի վերամշակումներով եւ դրա առիթով գրված վերջաբանով:

Մեկնաբանություն
X