Նոր պատերազմը Ղարաբաղում կարող է Ադրբեջանի համար տարածքային նոր կորուստների պատճառ դառնալ. Վյաչեսլավ Տրուբնիկով

Նոր պատերազմը Ղարաբաղում կարող է Ադրբեջանի համար դառնալ նոր տարածքային կորուստների պատճառ: Այսպիսի կարծիք է հայտնել ռուս բարձրաստիճան դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսական կողմի նախկին համանախագահ, Ռուսաստանի ԱԳ նախարարի նախկին տեղակալ եւ Ռուսաստանի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Վյաչեսլավ Տրուբնիկովը haqqin.az-ի հետ զրույցում: Վերջինս համարվում է ԼՂ հակամարտության հարցով ամենից իրազեկված փորձագետներից մեկը եւ կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից քաղաքական կամքի ցուցաբերում, որը կաջակցվի նաեւ երկու երկրների ժողովուրդների կողմից, ընդ որում այնպես պետք է կարգավորել հակամարտությունը վերջնական կերպով, որ չլինեն պարտվածներ եւ հաղթողներ: Տրուբնիկովը կարծում է, որ Հայաստանը երբեք տարածքների հանձնում հենց այնպես չի անի եւ տարածքների հանձնումը կլինի պայմանավորված ԼՂ կարգավիճակով: «Հայաստանը միշտ էլ դա է պնդել եւ կոշտ կերպով: Նա լուրջ հաղթաթղթեր ունի եւ հենց այնպես չի զիջի: Մինչեւ վերջ իր հաղթաթղթերը կօգտագործի առավելագույն օգուտ ստանալու համար բանակցային գործընթացում: Մյուս կողմից էլ Բաքուն երբեք չի համաձայնվում կարգավիճակի հարցին ԼՂ-ի եւ դրա համար էլ հարցը միշտ մտնում է փակուղի: Իհարկե միայն մեկ անգամ 2000-ականների սկզբին Քի Վեստի հանդիպման ժամանակ կողմերը չափազանց մոտեցան կարգավորմանը եւ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը արդեն ձեւակերպում էին հաշտության համաձայնագրի կետերը, սակայն ավաղ ամեն ինչ մնաց թղթի վրա: Այն ժամանակ մենք էլ փորձեցինք ձեւակերպում գտնել Լաչինի միջանցքի եւ Մեղրիի միջանցքի մասով, սակայն այդ ամենը իրականություն չդարձավ»,- ասել է Տրուբնիկովը: Ռուս դիվանագետը գտնում է, որ անկարելի է կողմերից որեւէ մեկի վրա ճնշում գործադրելը, քանի որ ճնշումը կարող է նշանակել հակառակ արդյունք եւ իրավիճակի ավելի սրում:

Մյուս կողմից էլ Տրուբնիկովը գտնում է, որ Մոսկվան առանձնապես շահագրգռված չէ, որ հակամարտությունը այդքան մոտ իր սահմաններին շարունակվի, քանի որ պատերազմի դեպքում հազարավոր փախստականներ կհորդեն Ռուսաստան, եւ պատերազմը կարող է անկայունություն ստեղծել բուն Ռուսաստանում: Վերջինս վստահ է, որ ԼՂ հակամարտությունը ունի միայն խաղաղ լուծում եւ պետք է մոռանալ ռազմական լուծման մասին, քանի որ նոր պատերազմը կարող է հենց նոր տարածքային կորուստների պատճառ դառնալ հենց Ադրբեջանի համար: Վերջինս առանձնապես ոգեւորություն չի հայտնել խաղաղապահների տեղակայմանը՝ համարելով, որ այսպես թե այնպես ԵԱՀԿ ՄԽ-ն իրականացնում է այդ խաղաղապահ առաքելությունը իր դիտորդների եւ մոնիթորինգների միջոցով: Անդրադառնալով փախստականների հարցին՝ Տրուբնիկովը հայտարարել է, որ փախստականներ կան երկու կողմերից էլ եւ չպետք է մոռանալ, որ կան հազարավոր հայ փախստականներ, ովքեր փախել են Բաքվից եւ Սումգայիթից: Պետք է այնպես անել, որ ոչ մի կողմի շահերը չտուժեն, իսկ ինչ վերաբերում է արդեն Բաքվի կողմից թմբկահարվող ՄԱԿ ԱԽ բանաձեւերին, Վյաչեսլավ Տրուբնիկովը նշել է, որ նման տասնյակ բանաձեւեր կան, որ տասնամյակներ շարունակ մնում են օդից կախված:

Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Մեկնաբանություն
X