Որտե՞ղ կամփոփվի Հաց բերողի մարմինը

Արթուրի հուղարկավորության հարցը օրակարգային է, այն առումով, որ ժողովրդի համար նա դարձել է ՄԱՐԴՈՒ խորհրդանիշ։ Արթուրը հացին խիղճ է գցել ու բաժանել մարդկանց։ Առե՜ք ու կերե՜ք։ Այն, որ հիմա պակասում է, այն որ հիմա շատ քիչ կա․․․ Հենց այդ խիղճն է, որ մրմռացնում է մարդկանց։

Մարդիկ, ովքեր կերել են հացի վրա գցված խիղճը, գործում են խղճի զորեղ թելադրանքով՝ որտե՞ղ պիտի հանգչի, ամփոփվի Հաց բերողի մարմինը՝ Պանթեոնում, Եռաբլուրում․․․

․․․Ու ճիշտ են ասում, բայց․․․ քիչ են ասում։

Արթուր Սարգսյանն իր մարմնով կսրբագործի ցանկացած տարածք։ Եկեղեցու նման իր շուրջը կհամախմբի Հացի գինը հասկացող մարդկանց ու նրա ամփոփման վայրը կդառնա յուրահատուկ մի սրբավայր, որտեղ մարդիկ կգնան՝ մաքրվելու համար։ Այնտեղ կգնան նույնիսկ եկեղեցու այն սպասավորները, ովքեր հավատի մեջ երերուն են։

Դուք օրվա խորհրդով մի դատեք, մի քիչ ավելի հեռուն նայեք ու կտեսնեք, որ մարդկային խղճի, բարության հատիկը, ինչ հողում էլ գցես, հունդ կտա․․․ Մարմինն է սրբագործում հողը, հավատացեք։ Տարիներ հետո ականատես կլինեք, թե ի՜նչ սրբավայր է դարձել Արթուրի հանգչելու վայրը․․․

Այն կդառնա հայի միասնականության, բարության, սիրո ուխտատեղի։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X