15-20 տոկոս կստանա ընդդիմությունը, որպեսզի միակուսակցական խորհրդարան չլինի․ Վարդգես Գասպարի

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան առթիվ ցույցերի ժամանակ եւ սոցիալական ցանցերում հնչում են մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու պահանջներ։ Նորմալ երկրում մարդուն դանդաղ մահվան հասցրած պաշտոնյաներն առնվազն հրաժարական կտային, կընթանար օբյեկտիվ քննություն։ Նկատի ունենանք, որ բանտային պայմաններում նրա կյանքին սպառնացող վտանգի մասին ամիսներ շարունակ ահազանգում էին Հաց բերողի փաստաբանները։

Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին կարծում է, որ իշխանությունն այսօր բավական ուժեղ է, իսկ մենք՝ անճարակ։
Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։

«Հրաժարականների, պաշտոնանկությունների պահանջներն այդպես էլ կմնան սոցիալական ցանցերում, մամուլի ակումբներում, առավելագույնը՝ երթերի, ցույցերի սահմաններում։ Ի՞նչ է փոխվել մինչեւ հիմա։ Քննությունն ուղղակիորեն ծաղր է եւ եւս մեկ անգամ հաստատում է գործող իշխանության ցինիզմը»,- ասաց Վարդգես Գասպարին։ Նա հիշեցնում է, թե ինչպես են քաղաքացիական ակտիվիստներին ծեծել, նույնիսկ՝ դանակահարել։

«Հիշում եք, թե ինչպես Հրաչիկ Միրզոյանին դանակահարողին բռնեցին ու բաց թողեցին։ «Քննություն» կոչվածն ուղղակի ծաղր է, թվում է, թե մեր ճնշումների արդյունքում են անցկացնում այդ քննությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

2012թ․ ԱԺ ընտրություններում իր քվեն «Հայ ազգային կոնգրես» դաշինքին տված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին առայժմ դեռ չի որոշել՝ մասնակցելու՞ է ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, թե՞ ոչ։ «Ներկա դրությամբ բացի ՀՀԿ-ից եւ իր արբանյակներից՝ ՀՅԴ-ից, «Հայկական վերածնունդ»-ից, «Ծառուկյան» դաշինքից, բոլորն էլ իրենց դերակատարությունն ունեն։ Նրանց առաքելությունն այն է, որ ստեղծվի ընտրությունների պատրանք։ Իհարկե, 15-20 տոկոս կստանա ընդդիմությունը, որպեսզի միակուսակցական խորհրդարան չլինի»,- ասաց Վարդգես Գասպարին։

Մեկնաբանություն
X