Շատ ուժեր 5-6 հոգի էլ չեն կարողանում հավաքել և քարոզարշավներն անցկացնել․ Արման Սահակյան

Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արման Սահակյանն օրերս նախընտրական քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպման էր։ Hraparak.am-ը հնարավորություն ունեցավ խոսել Արման Սահակյանի հետ։

-Պարոն Սահակյան, Ձեզ մեղադրում են թաղային հեղինակություններին նախընտրական գործընթացներում ներգրավելու մեջ։

-Ես այսօր ամբողջ օրը զբաղվել եմ դրանով, և մեկնաբանություններս կան։

-Իսկ ի՞նչ խնդիրներ կան Տավրոս Գևորգյանի հետ։

-Մենք խնդիրներ չունենք ընդհանրապես։

-Իսկ ինչո՞ւ ձեր կողմնակիցները թույլ չէին տալիս նրանց նախընտրական շտաբ բացել։

-Ընդհանրապես, թիմի ներկայացուցիչները ոչ մի տեսակի խնդիրներ չունեն ոչ մի քաղաքական ուժի և ոչ մի թեկնածուի հետ։

-Ասում են՝ ՀՀԿ-ի ներսում մթնոլորտն այնքան լարված է, որ միմյանց դեմ եք պայքարում։

-ՀՀԿ-ի ներսում մթնոլորտը շատ հանգիստ է։

-Պարոն Սահակյան, երկրորդ անգամ եք պատրաստվում պատգամավոր դառնալ, ինչո՞վ եք գալիս ԱԺ։

-Մեր լոզունգն ամբողջությամբ ասում է՝ երկրում ամենառաջինն անվտանգություն և բնականաբար նաև առաջընթաց։

-Պարոն Սահակյան, այս լոզունգներն ու խոստումները բոլոր ընտրություններին էլ լսում ենք, վստահելի՞ են։

-Նոր մասնակցում էիք իմ քարոզարշավին, տեսաք՝ բազմամարդ էր քարոզարշավը, շատ ու շատ ուժեր 5-6 հոգի էլ չեն կարողանում հավաքել և իրենց քարոզարշավներն անցկացնել, այսինքն՝ հավատում են մարդիկ, որ գալիս են։

-Տարրական խնդիրներով դիմելով Ձեզ։

-Իհարկե, մարդիկ ունեն նաև տարրական խնդիրներ, մեր երկրում կա լուրջ սոցիալական լարվածություն, իհարկե դրանք խնդիրներ են, որ պետք է լուծենք։ Առաջինը պետք է ամեն ինչ անենք, որ երկրում սոցիալական լարվածությունը վերանա և մեր սահմանները լինեն անվտանգ։

-Հաց բերողի մասին Ձեր մեկնաբանությունը կուզեինք լսել, մեղադրանքներ են հնչում մասնավորապես ՀՀԿ-ի հասցեին։

-Ես սրտանց ցավում եմ այդ մահվան համար։

-Իսկ նրա գործողությունն ինչպե՞ս եք գնահատում հուլիսյան դեպքերի ժամանակ։

-Ես ասացի՝ սրտանց ցավում եմ այդ մահվան համար։

_Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանն իր Ֆեյսբուքյան էջով հայտարարություն էր տարածել, որ Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։ Մի փոքր ուշ, Վանիկ Էլիզբարյանը հեռացրեց իր գրառումը։ Նշենք նաև, որ Արման Սահակյանի անունը նախորդիվ շոշափվում էր Էստոնական փողոցում շտաբի շուրջ ծագած խնդրի ժամանակ։ _

Մեկնաբանություն
X