Արդեն անտանելի է...

Ի՞նչ էր փոխվելու, եթե Արթուր Սարգսյանը հաղթահարեր հետվիրավատական վիճակը եւ առողջացած դուրս գրվեր... Բայց նա մահացել է, եւ ով «սրած ատամ» ունի՝ պարտքն է համարում մի բան ասել... Կարդում ես, կարդում, կարդում... եւ համոզվում, թե որքա՜ն հեռու ենք ազգ լինելուց...

Լուրջ հասարակությունը «հաց բերող չպետք» է ունենար... Որովհետեւ օրինապաշտ հասարակությունը զինված ապստամբության եւ զինառյալի հանդեպ միայն մի վերաբերմունք է ունենում՝ «ես նրա հետ ոչ մի կապ չունեմ, եւ նա արժանի է օրենքի ամբողջ խստությամբ պատժի»: Հակառակ դեպքում պետք է արդարացնենք նաեւ ֆրանսիական երգիծաթերթն ահաբեկած իսլամ արմատականներին, որովհետեւ, հասկանու՞մ եք, ծաղրվել է Մուհամմեդ մարգարերեն, եւ հավատացյալ մուսուլմանի պարտքն է՝ վերժխնդիր լինել:

Ինձ կարող են գամել «անարգանքի սյունին», միեւնույն է՝ չեն կարող համոզել, որ ՊՊԾ գունդը գրաված խումբն առաջնորդվել է ազնիվ մղումներով: Այդպես չի լինում... Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ որդին կարող է հոր դեմ ապստամբել, հայրը՝ ոչ: Պերճ Զեյթունցյանը դրամա է գրել՝ Տիգրան Մեծ արքայի կյանքից՝ ինչպես է հայրը որդու սպանությունը կազմակերպում, որպեսզի Հայաստանի գահն ապահովագրի Միհրդատ Պոնտացու դավադրությունից:

Զենքի են դիմում միայն կույր վրեժխնդրության կամ ԳԱՀ նվաճելու մղումներով: Ժողովուրդն այդ միստերիայի «թատերական դեկորն» է՝ զանգվածները, որ երբեմն երկինք են բարձրացնում վերջին ավազակին... Ինչպես՝ Աստվածաշունչն է ասում, երբ Պիղատոսը դիմում է ամբոխին՝ Հեսու ավազակի եւ Հիսուսի միջեւ ընտրության առաջարկությամբ... Մարդիկ կյանք են շնորհում ավազակին, Քրիստոսին դատապարտում խաչելության... Գողգոթա բարձրանալիս, դարձյալ Հրանտ Մաթեւոսյանի օգնությանը դիմեմ, հռոմեացի զինվորները Քրիստոսի խաչափայտը տալիս են ոմն Սիմոնի շալակը... Իրենք արժանապատվությունից ցածր են համարում... Աստվածաշնչի պատմությունից հիշվում են Հիսուսը, Հուդան, Պոնտացի Պիղատոսը... Սիմոնը, որ Գողգոթա բարձրացրեց խաչափայտը, գրեթե մոռացված կերպար է...

Անցած ամռան ողբերգության Սիմոնը «հաց բերող» Արթուր Սարգսյանն էր... Գողգոթա էր բարձրանալու եւ խաչվելու էր ՀԱՅԱՍՏԱՆԸ... Ինչ-որ տեղ այդպես էր որոշվել՝ հեսուներն ազատատություն էին ստացել, որպեսզի սպանեն հայկական պետականությունը: Արթուր Սարգսյանն ինքնակա՞մ էր ստանձնել խռովությունը լեգիտիմացնելու պատասխանատվությունը... Նրան ներշնչե՞լ էին... Պարտադրե՞լ...

Մենք հարցադրումների տրվելու եւ պատասխանի ծանրության տակ մտնելու քաջություն չունենք... Բավարարվում ենք հերթական միֆով... Մեր անցյալի ստվերները պարտադրում են մեր ներկան... Մենք գերեզմանների եւ նահատակների պաշտամունք ունենք... Ազգ չենք դառնում, մնում ենք «խալխ», որի իմացության բարձրակետը «գզրարների հեքիաթն» է... Կամ՝ կենցաղային բամբասանքը...

... Եւ ամեն ինչ արդեն անտանելի է դառնում:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X