Մինչ դուք ամփոփում եք մարմինս հողում, հոգիս երկնքում է․․․

Հաց բերողն արեց իրենն ու հիմա անհաղորդ է, թե որտեղ կամփոփեն իր մարմինը ու ինչ կասեն։ Մարմինը սի՜ն, հոգին վեհ․․․ անմահ։

Միշտ այսպես եմ պատկերացնում․ երկինքը, երբ իր դռները բացում է Որդու առաջ, նա երկրին թողնում իր հանդերձը ու երկնային թևերով սավառնում վեր։

Ինչքա՜ն ծիծաղելի ու փուչ է՝ մտածելու, թե որտե՞ղ ենք պահելու հանդերձը։ Ոգեղենը տվեց մեզ ու հեռացավ։ Ոգեղե՜նը։ Իսկ նյութը, հանդերձը, նյութեղենը աշխարհիկ մարդկանց կռիվն է։ Մի՜ կռվեք,- ասում է,- մինչ դուք ամփոփում եք մարմինս հողում, հոգիս երկնքում է, ու ես տեսնում եմ բոլորիդ։

Կա՞ մարդ, ում խիղճ չեմ թողել։ Կա՞ մեկը, ում հոգում մի պատառիկ գութ չեմ դրել։ Կա՞ աչք, որից արցունք չեմ քամել, կա՞ն շուրթեր, որոնք այս օրերին Հացից բացի ուրիշ անուն են հիշել։

Եվ վերջապես ինչպե՞ս կարող էի լուսավորել ձեզ՝ մարմնեղեն մոմը պահելով․․․

ՀԳ Իսկ դրսում գոռում են՝ մոմը հանգցրին։ Հանգցնողին փնտրելու ավելորդ ժամանակ մի վատնեք, բոլորդ մի- մի մոմ վառեք, որ անգամ մրրիկը չկարողանա հանգցնել։ Մի կամ մի քանի մոմ հանգցնելը հե՜շտ է․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X