Բողոքի ցույց Գյումրիում․Հաց բերողը գնաց, սոված մնացինք. (ֆոտո)

>

«Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի պատվին այսօր երթ իրականացրեց նաև Հանրապետության երկրորդ քաղաքը: 5 տասնյակից ավել մտահոգ քաղաքացիներ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, նախ հավաքվեցին Գյումրու Թատերական հրապարակում, հետո շարժվեցին Սուրբ Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Տեր Փավստոս քահանա Սարգսյանի գլխավորությամբ իրականացվեց հոգեհանգստի արարողակարգ: Եթե համեմատենք Եղվարդի քահանայի հետ, ով Հաց բերողի անունը լսելով, փախչել էր եկեղեցուց, Տեր Փավստոս քահանա Սարգսյանը արիաբար եւ սիրահոժար կատարեց իր պարտքը:

«Եկեք մի պահ պատկերացնենք, եթե մենից մեկը հայտնվի հուլիսյան դեպքերի իրավիճակում, ով է հաց բերելու, նա այլևս չկա, բայց պատմություն կերտեց, նրա դասով սերունդներ են կրթվելու»,-հիշեցրեցին կազմակերպիչները:

Հոգեհանգստյան արարողակարգին հաջորդեց մոմավառությունը, որից հետո ակցիայի մասնակիցները պաստառները ձեռքներին երթով շարժվեցին կրկին Թատերական հրապարակ՝ վանկարկելով՝ Սոված մնացինք, Հաց բերող Արթուրն անմահացավ է, արդար դատավճիռ, մենք ենք տերը մեր երկրի: Ակցիան նախաձեռնողներն այսկերպ առաջին հերթին սատար կանգնեցին Երևանին՝ ուղիղ կապ հաստատելով Ազատության հրապարակում բողոքի ակցիան շարունակող քաղաքացիների հետ:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները որոշեցին չսահմանափակվել միայն այսօրով, բողոքի ակցիան ու երթը շարունակվելու է նաև վաղը:

Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչների ցանկությունը հետևյալն է՝ Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, քրեական գործ հարուցել այն դատախազի նկատմամբ, ով միջնորդել է կալանավորել Արթուր Սարգսյանին եւ այն դատավորին, ով հաստատել է միջնորդությունը:Պահանջում են նաև արդարադատության եւ գլխավոր դատախազի հրաժարականները:Գյումրեցիները այս պահանջին ևս մեկը ավելացրեցին՝ ազատ արձակել ծանր հիվանդությամբ տառապող բանտարկյալներին:

Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X