Նովրուզին ընդառաջ․ իրանցիները դժգոհ են բարձր գներից եւ մարդկանց վերաբերմունքից

Ամեն տարի մարտին՝ Նովրուզի տոնի առթիվ Հայաստան են այցելում մեծ թվով Իրանի քաղաքացիներ։ Իսկ մահմեդական Նոր տարին սկսվում է մարտի 21-ին և տևում է 13 օր: «Տաթև» զբոսաշրջային կազմակերպության ղեկավար Առլեն Դավիդյանի խոսքով՝ տարեցտարի իրանցիների հոսքը այդ օրերին ավելանում է: «Նրանք հիմնականում 4-5 օր են անցկացնում Հայաստանում: Այդ տոնին գալիս են ընտանիքներով: Հայաստանում իրանցիների ամենասիրելի վայրերն են Գառնին, Գեղարդը, Սեւանը, Ծաղկաձորն ու Էջմիածինը»,-ասաց նա: Մեզ հետ զրույցում «SILACHI YERVAN» հյուրանոցային համալիրի աշխատակիցը նշեց, որ բավական մեծ թիվ են կազմում Իրանի քաղաքացիները, որոնց մի մասը արդեն ժամանել են, իսկ մյուսներն էլ նախորոք արդեն ամրագրել են համարները։ «Չնայած շատ թռիչքներ չեղարկվել են, բայց կարող եմ ասել, որ հակառակ դրան՝ այս տարի նախորդի համեմատ ավելի շատ են Իրանի քաղաքացիների կողմից ամրագրված համարները, ու նաև շատ են այն քաղաքացիները, որոնք հենց տոնակատարության օրերին են ժամանում, այդ իսկ պատճառով հստակ թվեր չեմ կարող նշել»։

Չվերթներ են ավելացել

Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից Mahan Air ավիաընկերության ինքնաթիռով 168, իսկ Iran Aseman Airlines-ով՝ 124 հոգի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Այդ նույն երթուղով էլի թռիչք կիրականացվի: Նախատեսվում է եւս 270 ուղեւորի ժամանում Երեւան։ Անցյալ տարի մարտի 18-ից ապրիլի 4-ը իրականցվել է 48 չվերթ և այդ ժամանակահատվածում Իրանից Հայաստան են այցելել 5300 Իրանի քաղաքացիներ։ Այս տարի նույնպես մեծ հոսք է սպասվում, և կարծում եմ՝ Նովրուզն ավարտվելուց հետո մենք կունենանք բավականին բարձր ցուցանիշ»,-ասաց նա։

Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ արտերկրից դրամական միջոցների մուտքը առաջին դրական գործոնն է, որն ուղղվում է տնտեսության տարբեր ճյուղերին՝ առևտուր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն: Մոտավոր գնահատականներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 700-800 դոլար: Տնտեսագետի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի ընդհանուր գնողունակությունը՝ զբոսաշրջիկի համար այդքան էլ թանկ երկիր չէ Հայաստանը, սակայն, միևնույն ժամանակ Իրանի քաղաքացիները չեն համարվում բարձր սեգմենտի զբոսաշրջիկ, հետևաբար՝ մի շարք ծառայությունների մասով նրանք ունեն գնային դժգոհություն: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Իրանի քաղաքացիների հոսքի նվազումը Հայաստան, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Հիմնական այլընտրանքը դարձել է Վրաստանը, որը տարեցտարի դառնում է զբոսաշրջային լուրջ երկիր՝ զարգացնելով ենթակառուցվածքները, սպասարկման ոլորտը: Այդ ամենը երկիրը դարձնում է ավելի գրավիչ, և հաշվի առնելով ընդամենը մի քանի ժամվա տարբերությունը դեպի Վրաստան՝ շատերը նախընտրում են իրենց հանգիստը վայելել ավելի էժան և որակյալ երկրում»:

Իրանցի զբոսաշրջիկ Իլհամը շատ է հավանում Հայաստանը, սակայն դժգոհ է բարձր գներից եւ մարդկանց վերաբերմունքից։ Ընդ որում՝ նա միակը չէ, որ դժգոհեց այս ամենից, այլ զբոսաշրջիկներ եւս նույնն էին ասում՝ գները բարձր են, մարդիկ՝ կոպիտ։

Նշենք, որ Նովրուզը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Գայանե Գաբոյան

Մեկնաբանություն
X