Նախընտրական Երևան․ (ֆոտոշարք)

>

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը քարոզչապաստառապատել են մայրաքաղաքը։ Ուժերից քչերն են օգտվում գովազդային անվճար վահանակներից, իսկ մնացածը նախընտրում են վճարովի հարթակները։ Այս տարի թեկնածուներից շատերը քարոզչապաստառների վրա միայնակ չեն, նրանք լուսանկարվել են քաղաքական առաջնորդի ֆոնին։

Ընտրություններին մասնակցող ուժերից ՀԿԿ-ի պաստառներն են առանց լուսանկարների, այստեղ շեշտվում է իրենց անունը և ոչ թե պատկերը։ Երևի վարչապետի լուսանկարներին են նայել ու որոշել, որ այդպես ժպտալ չեն կարողանա, կամ երիտասարդ ժամանակների լուսանկարները չեն պահել ու որոշել են առանց նկարի հանդես գալ։ ՀՅԴ-ն եւս անձերին չի կարեւորում եւ իր պաստառներում ներկայացված է լոգոն, կարգախոսը։

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պաստառների լուսանկարում Լևոն Տեր-Պետրոսյանի երիտասարդ տարիների լուսանկարն է։ Եթե նրան երիտասարդ տարիքում չեք տեսել, դժվար կլինի կռահելը, թե ով է իրականում պատկերված լուսանկարում։

ՀՎԿ-ի թեկնածուները կամ Արթուր Բաղդասարյանի ֆոնին են, կամ Հեղինե Բիշարյանի, իսկ Ծառուկյանի թեկնածուներն առաջնորդի այլընտրանք չունեն։ Դաշինքի թեկնածուներից ոմանց լուսանկարը առաջնորդի հետ խոստովանենք, որ շատ ռոմանտիկ է ստացվել։

ՀՀԿ-ն էլ «մոլորեցնում» է ընտրողներին, ամենուրեք ՀՀԿ ցուցակում չընդգրկված վարչապետի լուսանկարներն են՝ մեկ ժիլետով, մեկ ժակետով, մեկ բաճկոնը ուսին գցած։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել նաեւ ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակի լուսանկարը։

«ՕՐՕ»-ն էլ քաղաքը զարդարել էր իր եռյակի «ձեռքսեղման» լուսանկարով։ «Ազատ դեմոկրատների» պաստառները հիմնական առանձին թեկնածուների լուսանկարների տեսքով են։ «ԵԼՔ» դաշինքի պաստառները երկու ուղղվածության են՝ կամ թեկնածուներն են՝ առաջնոդների ֆոնին կամ առանց նրանց, կամ էլ առաջին եռյակը՝ Մարուքյան-Սարգսյան-Փաշինյան։

Մեկնաբանություն
X