Իրավունք

Բժշկականի անվտանգության պետին ազատել են գրավով, նրա մեղադրանքը փոփոխվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել: ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տարածքների վերահսկման խմբի ղեկավար (անվտանգության պետ) Վանիկ Բայաթի Գինոսյանը կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2016թ. հուլիսի 8-ին. «Նրան մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագով պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միջին ծանրության հանցանք է։ Վ. Գինոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Դատարանի կողմից Վանիկ Գինոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 6 ամիս, որն առավելագույնն է միջին ծանրության հանցագործություն կատարելու համար։ Վանիկ Գինոսյանը փաստացի արգելանքի տակ է գտնվել 5 ամիս 22 օր։ Դատարանի 2016թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ Վանիկ Գինոսյանի նկատմամբ, որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, կիրառվել է գրավը: Նույն օրը նա ազատ է արձակվել: Փետրվարի 13-ին Վանիկ Գինոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդության փորձ կատարելու համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ 2017թ. փետրվարի 20-ին Վանիկ Գինոսյանի և երկու այլ անձանց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատաքննության»:

Գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Մեսրոպ Մակյանին, առաջին նիստը նշանակվել է մարտի 21-ին։ «Դատալեքսից» տեղեկացանք, որ Վանիկ Գինսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տարածքների վերահսկման խմբի ղեկավար /անվտանգության պետ/ համաձայնվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հարություն Խոստիկյանի առաջարկին՝ օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել եւ նպաստել ԵՊԲՀ համապատասխան դասախոսներիև նույն համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սերյոժա Հովսեփյանի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն: Հարություն Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է հանրության համար վտանգավոր արարք, կաշառքի միջնորդության հանցափորձի՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելու հանցափորձի մեջ: Սերյոժա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է հանրության համար վտանգավոր արարք՝ միջնորդի միջոցով պաշտոնատար անձին վերջինիս լիազրությունների շրջանակում գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցափորձ կատարելու մեջ:

Մեկնաբանություն
X