Խաղաղություն մեզ մի քարոզեք, Ադրբեջանին քարոզեք․ Արմեն Ռուստամյանը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին (ֆոտոշարք)

>

Ապրիլի 2-ը վճռորոշ է լինելու Հայաստանի համար: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ մեկ տարի հետո այլեւս համապետական քվեարկությամբ երկրի նախագահ չենք ընտրելու, երկրի բոլոր հարցերը բարձրաձայնվելու եւ որոշվելու են Ազգային ժողովում: Հետեւաբար, ՀՅԴ-ն որքան մեծ ներկայացվածություն ունենա խորհրդարանում, այնքան մեր երկիրը կայուն, արդար եւ խաղաղ կլինի: Հենց այսպիսի ասելիքով ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին հրազդանցիների հետ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Դաշնակցության համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց՝ չեն եկել մարդկանց քիմքին հաճելի բաներ ասելու, խոստումներ տալու, թե ընտրություններից հետո կրկնակի ու եռակի բարձրացնելու են թոշակները, այլ եկել են ասելու, որ նոր կառավարման համակարգն ինքնին ստիպելու է, որ մարդիկ արդար ու արժանապատիվ աշխատանք ունենան: Նոր կառավարման համակարգում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը թելադրելու է՝ ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը, միեւնույն է, մենակ չի կառավարելու երկիրը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ով էլ հայտնվի խորհրդարանում, ունենալու է իր արժանապատիվ տեղը՝ ամենաքիչը 33% ներկայացվածությամբ:

Արմեն Ռուստամյանը հանդիպման ժամանակ պատասխանեց քաղաքացիներից մեկի հարցին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած, այսպես կոչված, խաղաղության ծրագրին, այն է՝ տարածքների զիջում Ադրբեջանին խաղաղության դիմաց. «Դուրս են եկել խաղաղության քարոզի մի հասարակության մեջ, որ խաղաղությանը երբեք դեմ չի եղել: Մեզանից ո՞վ է դեմ խաղաղությանը: Ճիշտ կլինի, որ խաղաղության քարոզչությունը արվի Ադրբեջանում, որովհետեւ իրենք են դեմ դրան: Դաշնակցությունը միշտ դեմ է եղել այդ թեզին եւ դեմ է լինելու միշտ: Ոչ մի թիզ հող չի հանձնվում Ադրբեջանին» Կուսակցության ներկայացուցիչները հանդիպման ավարտին կրկին դիմեցին հավաքվածներին, որ նոր սկզբով արդար Հայաստան կառուցելու համար ապրիլի 2-ին ընտրեն 9-րդ քվեաթերթիկը: Հանդիպումն ավարտվեց համերգային ծրագրով Ներսիկ Իսպիրյանի եւ այլ երգիչների մասնակցությամբ:

**Նելլի Կարապետյան **

Մեկնաբանություն
X