Պայքարի արդյունքը կախված է թեկուզ փոքրաթիվ մարդկանց վճռականությունից․ Ալեք Ենիգոմշյան

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվանից հետո հրավիրվող քաղաքացիական ակցիաների ժամանակ եւ սոցիալական ցանցերում հնչում են կոնկրետ պաշտոնյաների հրաժարականների, պաշտոնանկությունների պահանջներ։ Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, ՔԿՀ պետի, դատավորի հրաժարականները, որոնք այս կամ այն չափով մեղսակից են Հաց բերողի մահվանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ այդ պահանջները ճիշտ են, քանի որ նշված անձինք անմիջական պատասխանատուներն են, սակայն ոչ հիմնական պատասխանատուները։
«Արթուր Սարգսյանի նկատմամբ այդ անբարոյական, հակամարդկային եւ հակաօրինական վերաբերմունքը ամենավերեւից տրված հրահանգի հետեւանք է։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի դատախազ կամ դատավոր եւ քննիչ իր նախաձեռնությամբ ինքնագլուխ չէր դիմի նման քայլերի։ Այդ պահանջներն արդար են։ Բայց ես կուզենայի շեշտել, որ միայն նշված անձինք չեն պատասխանատուները։ Արթուրն իր արարքով եւ կենսագրությամբ հայ մարդու, քաղաքացու եւ ստրկական մտածողությունը մերժող կերպարով իմաստավորում է մարդկային արժեքները եւ խիղճը։ Մենք՝ բոլորս, պետք է համոզված լինենք, որ Արթուրի զոհաբերումը պետք է մեր ժողովրդի մեջ արթնացնի խիղճը։ Այդ խիղճը պետք է արթնանա, եւ ընդվզումն ու պայքարը պետք է շարունակվեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատեցինք, որ քաղաքացիական ընդվզման արդյունքում չհաջողվեց հասնել նրան, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում։
«Արթուրի մարմինը չէր կարելի թողնել չամփոփված։ Ինքը կարժանանա պատշաճ հուղարկավորության։ Կոնկրետ Եռաբլուրում հուղարկավորվելու խնդիրը չի կարելի համարել ավարտված։ Եվ Արթուրի զոհաբերումը մեր ժողովրդի մեջ պետք է արթնացնի խիղճը, պետք է այդ պայքարը շարունակվի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն օրերս մի քննարկման ժամանակ հիշեցրել էր, թե ինչպես տարիներ առաջ Թունիսում տեղի ունեցած նման միջադեպը հանգեցրեց ապստամբության։

«Նշմարվու՞մ է նման հեռանկար մեր երկրում»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։
«Ես մի բան կարող եմ ասել։ Մենք շարունակելու ենք պայքարը հանուն երկրում արժանապատվության հաստատման եւ չենք դադարեցնելու այն։ Թե ինչ ծավալ կունենա այն՝ չեմ կարող ասել։ Այդ պայքարի արդյունքը կախված է թեկուզ փոքրաթիվ մարդկանց վճռականությունից։ Բոլորս գիտենք, որ այս ամենը տեղի է ունենում «ընտրություն» կոչվող խեղկատակության պայմաններում։ Արթուրը պայքարում էր արժանապատիվ կյանքի, ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտում արժանապատիվ կեցվածքով երկիր ունենալու համար։ Եվ Արթուրի համար պայքարը պայքար է նաեւ ա՛յս արժեքների համար, եւ այն սոսկ Արթուրի անձի համար չէ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X