Իրականության կաթվածը․ (ֆոտո)

Վերջերս Նորարար փորձառական արվեստի կենտրոնը /ՆՓԱԿ/ հյուրընկալեց երիտասարդ արվեստագետ Լևոն Ֆլջյանի անհատական ցուցահանդեսը:

Երեխաները խաղում են ավերակներով, ավերակն ավերակի վերածած նռնակներով ու վառոդի պարկուճներով: Էկրանը դատարկել է պատերազմի բովանդակությունը:
Ականջդ կոփել է ընդհանրական, սնամեջ բառերով, որ անօդաչու սարքի թռիչքի բարձրությունից են չպատկերում պատերազմը:
Ֆլջյանի տեսողական պատումի դիտանկյունը դիմազերծում է այն:
Կտավին պատերազմը երեխաներն են՝ առաջին, իրական, անմեղ զոհերը, ում մեծերի «խաղալիքները» ամեն րոպե կարող են հօդս ցնդեցնել: Ճշգրիտ է պատերազմի բաղադրիչների համադրությունը. բռնությունը անպաշտպանության կողքին՝ հենց այդ չէ՞ պատերազմի էությունը:

Կարիք կա՞, որ իրականությունն ավելի իրական լինի, քան վիրտուալ չիրականությունը, կտավից կտավ հարցնում է նորարար արվեստագետ Լևոն Ֆլջյանը:
Փախչում ենք դեպի վիրտուալը, որովհետև զարհուրելի իրականությունը հետևում է կրնկակոխ:

Միայն թե իրականությունից միտքը պատսպարող վիրտուալը ցավազրկիչ է, բայց ոչ բուժող դեղամիջոց՝ իրականությանն առերեսելու ու ելքեր փնտրելու:
Հաջորդ նկարի մարդիկ հոգսաշատ են, և անթիվ ուրախ, նարնջագույն վիրտուալ փրկօղակները ոչ ոքի հոգսից չեն փրկում: Պատրանքը իրականությունը չի կարող փոխել: Պատրանքը հղացված է խլացնելու իրականությունը, բայց ոչ փոխելու այն:
Վիրտուալացված գույնզգույն աղջիկը ճանապարհ է դնում հզոր, բայց անգույն փղերին, որ խունացել են հենց այն պահին, երբ շրջվել են հեռանալու:
Անցյալն անցյալում երկար ձեռք է ունեցել՝ Քրիստոսի ծննդից առաջ այն մեկնելով մինչև մեր վերջին տասը տարին:

Բայց նկար երկուսի ամերիկացի երիտասարդ փղիկը, երկար սարքովի ուրախություն խաղացած լինելով, ինքն էլ է հավատացել սեփական բարօրությանը: ՈՒ անգույն իրականության մեջ ապրող երիտասարդները, այդ բեմադրված բարօրությունից հիպնոսացած, ձեռքները մեկնում են դեպի հեռախոսները՝ իբրև իրենց բարեկեցիկ արդիականության փաստարկ՝ սելֆիներ բեմադրելու:
Իրականությունն անգույն է, սելֆին՝ գունավոր: Բայց գունավոր սելֆին անգույն իրականությանը չի կարող գույն հաղորդել, ու սելֆիից առաջ ու սելֆից հետո ամեն բան նույնն է:

Անգույն տղամարդիկ փորձում են բարեփոխման անգույն, բայց իրական ինքնաթիռը շարժի գցել: Բայց էս մի քանի անպատրանք իրատեսների կողքին, մեկ այլ նկարում իրականում արդեն
Սասունցի Դավթի ձին հեծած Հայաստանը փորձում է վիրտուալ ճոճաթոռը բարձրանալ:

Իրական զինվորները պատերազմ են մեկնում, իսկ վիրտուալ ապատեղեկատվությունը նրանցից մեկի կրծքին նշան է բռնել:
Ռմբակոծիչ ինքնաթիռից ներքև միակ անվնաս շենքը քաղաքականության նստավայրն է: Ավերակների կողքին միմյանց ձեռք են սեղմում քաղաքական գործիչները:
Իրականությունից շեղելու հանճարեղագույն և անհեթեթագույն պատրանքը՝ ՉԹՕ-ն, վարդագույն հագած ճախրում է ավերակների վրա:
Սերը գունագեղ է ամենաանգույն իրականության մեջ:

Պատերազմի իրական, անմեղ, անմիջական զոհը՝Փոքրիկ տղան, դիտում է իր ապագայի տեսլականը՝ արդեն
չիրականության չափ այլևս գոյություն չունեցող իրականությունը:

Ու վերջին երկու նկարներն են միայն, որ հույս են արտածում , անգույն, ուրեմն և՝ իրական հույս. այստեղ ժամանակավորը ջրապտույտով լուծվում է Հավերժականի մեջ, անլուծելին՝ Լուծման:

Այս չլուծված իրականության պատճառը հենց Լուծման անտեսումը չէ՞ :
Վիրտուալ ցավազրկիչը գերադասել ենք ԻՆՉԻ՞Ց և ՈՒՄԻ՞Ց:

Աստղիկ Սարգսյան

Մեկնաբանություն
X