Բժշկական սխալ կամ ճիշտ լինելու հարց չկա, մեղավոր է նա, ով երկրորդ անգամ կալանավորման հրամանը տվեց

ԱՄՆ-ում բնակվող երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, «Սասնա ծռերի» ընդզվման առաջին իսկ օրերից սատարում էր նրանց, ուշի ուշով հետեւում բոլոր իրադարձություններին, հնարավորության դեպքում՝ մասնակցում դրանց: Երգիչը անգամ երգ է նվիրել «Սասնա Ծռերին» եւ Արթուր Սարգսյանին՝ «Հաց եմ բերել տղերք» վերնագրով:

«Հաց բերողի» մահվան լուրը ստանալուց Արմեն Մովսիսյանը իր տեղը չի գտնում, չէ՞ որ դեռ պետք է Երեւան գար, հանդիպեր «Հաց Ախպորը»: «Երկու որ առաջ էր գրել ինձ, որ կազդուրվում է, պատասխան նամակս նայում եմ, այդպես էլ չի կարդացել: Հիվանդ էր, 24 օր հացադուլը շատ էր իր համար, ամառը պատրաստվում էինք հանդիպել չհասցրի, ուշացա...»:

Ո՞վ է մեղավոր Արթուր Սարգսյանի մահվան համար, ի՞նչ պատասխանատվության պետք է արժանանա, ի՞նչ պետք է անի հանրությունը: Արմեն Մովսիսյանը կարծում է, որ Հաց բերողի մահվան մեջ մեղավոր է նա, ով երկրորդ անգամ կալանավորման հրամանը տվեց, ոչ մի բժշկական սխալ կամ ճիշտ լինելու հարց չկա, «Հաց Ախպորը սպանեց ռեժիմը՝ մարդասպանների ռեժիմը»:

«Ինչ ասեմ, ախր ասելս չի գալիս, սովորական հայ մարդ անսովոր հոգու տեր, որ երեւի եկել էր մեզ փրկելու մեզանից: Ռեժիմը, այս ռեժիմը արդեն փաստել է որ հակազգային է ու սասանում է Հայ պետականության հիմքերը, մինչեւ չհեռանան կամ չհեռացվեն իրենց ապազգային կուսակցության հետ, սա վերջին դեպքը չի լինելու: Ռեժիմը խաթարել է առանց այն էլ խաթարված երկրի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ բարոյական հիմքերը, հետագա ճանապարհը, ցավով պիտի ասեմ, կարող է լինել Հայկական պետականության կորուստը, որից շահած դուրս կգան միայն մի քանի օլիգախներ, իսկ ժողովուրդը դառը կպարտվի»:

Հարցին, թե ինչը կփրկեր Հաց բերողին՝ երկրորդ անգամ չկալանավորվելը, շուտ դուրս գալը, հիվանդանոցը չլքելը, նա պատասխեց. «Մարդաորսից դժվար է փրկվել, մանավանդ, երբ այն իրականացվում է ծրագրված: Իսկ երկրորդ ձերբակալությունը դա փաստեց: Հիվանդ մարդուն դատապարտել կրկնակի անազատության, հատուկ սևեռուն միտք ունեցող դաժան, գազան պետք է լինես, նա վտանգ չէր ներկայացնում հանրության համար, այ ռեժիմի համար գուցե, քանզի սիմվոլ էր դարձել ու հակազգային ռեժիմը այդպիսի օրինակներից շատ է մտահոգ: Չնայած դեռ հարցական է, ռեժիմը ավելի շատ շահեց, թե կորցրեց՝ նման լուծում տալով Հաց Ախպոր գոյությանը...»:

Մահվան լուրը տարածվելուն պես Երեւանում սկսվեցին բողոքի ակցիաներ, իսկ որոշ քաղաքական ուժեր դադարեցրին քարոզարշավը, ստատուսներ գրեցին եւ ցավակացություններ հղեցին նախկին վարչապետը, նրա որդին: Ինչպե՞ս եք վերաբերում, որ «Հաց բերողի» հետ կապ չունեցող մարդիկ այսօր դիֆերամբներ են նրան ձոնում, փորձում PR-վել նրա հաշվին: «Իհարկե, կլինեն ձուկ բռնելու ցանկացողներ, անբարոյականներ, այս վիճակում չի բացառված, բայց դա անցողիկ պահ է, առիթ օգտագործողների տեսակը միշտ եղել է, Հաց Ախպերը համահայկական գաղափար է արդեն, տեր կկանգնենք՝ լավ, չենք կանգնի՝ Աստված մեզ հետ, ուրեմն մեր համար էդ շատ է...:25 տարի երկրի բոլոր ղեկավարները ազգը հրել են դեպի խավար, ով էլ պիտի լույս տար, ահա, կամ էլ վաղուց լռել ու հարմարվել է , բա հրաշք պիտի լիներ...»:

Երգահանը նշում է նաեւ, որ Հաց Ախպոր համար մի լացեք էմոցիոնալ ֆոնի մեջ։ «Երկու-երեք օր հետո քնեք, հանգստացեք, հիշեք ամեն օր մեկին հաց հասցնելիք ունենք, կարիքավորին, ծերին, զինվորին, Երկրին. ու Հաց Ախպերը կապրի, թե չէ երկու .երեք օր․․․»։

Մեկնաբանություն
X