Ոստիկանները կախել էին գլուխները Բժշկի առաջ․․․

Համընդհանուր լարվածության, բոլոր պաշտոնյաներին կոտորելու, բժիշկներին, ոստիկաններին կախաղան հանելու, հայհոյանքի, սև մտքերի ֆոնին մի լուսավոր բան եմ հիշում։ Գիտե՞ք ինչու հիշեցի։

․․․Որ շարունակեմ ապրել։

Երբ լուսավոր բոլոր կետերը փակվում, համընդհանուր մութ է տիրում, փորձում ես գտնել լույսի մի պատառիկ, որ առաջ շարժվես։

Դեպքը Սիսիանում է եղել։ Շա՜տ տարիներ առաջ։

Ծանր մի հանցագործ բանտից փախել էր։ Միայնակ չէր։ Ոստիկանները վնասազերծելու համար կրակել ու վիրավորել էին նրան։ Արյան մեջ թաթախված իջեցրել էին մեքենայից։

Տեղում ահագին բժիշկներ կային, աղոտ եմ հիշում։ Վիրավորին ևս ոստիկաններն ուզում էին մյուս հանցագործների հետ բանտ տանել։

Բժիշկներից մեկը՝ Յուրի Հովակիմյան, համարյա «մարտ էր մղում» ոստիկանների հետ, թույլ չէր տալիս, որ վիրավորին տանեին։ Ճանապարհին կարյունաքամվի,- գոռում էր։

Ոստիկանները քաշում էին, որ մեքենան խցկեն արյունաշաղախ վիրավորին, բայց բժիշկը թույլ չէր տալիս։ Հետո իմացա, որ վիրաբույժ է։

-Մշակեմ վերքը, արյունը կանգնեցնեմ, նոր տարեք,- ասում էր,- հենց ձեր ներկայությամբ։

Վիրաբույժն ամենայն մանրամասնությամբ աշխատեց վիրավորի վրա։ Մկրատով կտրել էր նրա վերնաշապիկը և աշխատում էր։ Երբ վերջացրեց, մաքրեց ճակատի քրտինքը, արձակեց փողկապը, հանեց վերնաշապիկը և․․․մի կերպ հագցրեց վիրավորին։

Ոստիկանները կախել էին գլուխները Բժշկի առաջ։ Էլ չէին շտապեցնում։ Վերջում համբուրեց հանցագործի ճակատն ու ասաց՝ Աստված քեզ հետ։

ՀԳ Գիտե՞ք ինչու հիշեցի։

․․․Որ շարունակեմ ապրել։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X