Ի՞նչ է սպասվում Հայաստան այցելող իրանցիներին

Այս տարի Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին ընդունելու է նոր ձևով՝ շնորհավորական տեղեկատվական վահանակներով, որի վրա նշված է նաեւ՝ ուր գնալ և ում դիմել օգնության համար: Նովրուզ Բայրամի առիթով Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների զգալի ակտիվություն է ակնկալվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նա նշեց, որ իրանցի զբոսաշրջիկներին դիմավորելու համար զգալի աշխատանք է կատարվել, որը կնպաստի Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Առաջին հերթին հայկական զբոսաշրջային տեղեկատվական կայքերի միջոցով տրամադրվելու է տեղեկատվություն թե անգլերեն, թե պարսկերեն Նովրուզը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ,որտեղ նշված է հիմնական տեղեկատվությունը Հայաստանի մասին, ինչպես նաև բոլոր այն ծրագրերը, որոնք լինելու են այդ օրերին : Բացվել է «թեժ գիծ»,որը գործելու է 24 ժամ և տեղեկատվական վահանակներ, որոնք տեղակայված են Երևանից մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում։ Քանի որ իրանցի զբոսաշրջիկները շատ հաճախ են որոշակի խնդիրների առնչվում, Զարմինե Զեյթունցյանը այս քայլը շատ կարևոր ձեռքբերում համարեց։

«Հնարավոր է իրանցի զբոսաշրջիկներն ինչ-որ խնդիրներ ունենան: Այս «թեժ գիծը» կօգնի արագ տեղեկանալ և շուտ արձագանքել: Ի դեպ, տեղեկատվական վահանակներում տեղ են գտել նաև Նովրուզի շնորհավորանք՝ մատնանշելով Հայաստանի գրավիչ վայրերը, մասնավորապես, Նորավանքը, Տաթևի վանքը, Ջերմուկը»,-ասաց նա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի մասնավոր ընկերությունների հետ, որոնք իրանցի զբոսաշրջիկներին պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանում սահմանային անցման կետերում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի գիշերը ավտոմեքենայով Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ առավել մեծ ուշադրություն լինի, ոստիկանական, շտապ օգնության ծառայությունները ակտիվ աշխատեն:
«Մեր առջև նպատակ ենք դրել ամբողջ տարվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկներին իրազեկել Հայաստանի գրավչության մասին, ծրագրում ենք Հայաստանի մասին նկարահանել 26 րոպեանոց ֆիլմ՝ ներկայացնելու իրանցիներին»,-հավելեց Զարմինե Զեյթունցյանը:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ
արդեն երկրորդ տարին է ինչ Երևանի քաղաքապետարանը նույնպես այս օրերին որոշակի ծրագրեր է իրականացնում մարտի 20-ից մինչև 31-ը հետաքրքիր ձևով Իրանի քաղաքացիներին դիմավորելու համար․«Այս օրերին՝ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսը կազմակերպելու է գարնանային հետաքրքիր տուրեր պարսկերեն լեզվով։ Երևանի պատմության թանգարանում լինելու է «Մշակույթների երկխոսություն 2» իրանական ժառանգությանը վերաբերվող ցուցահանդես, քաղաքի մի շարք փողոցներում էլ կլինեն հյուրընկալության վահանակներ, բաժանվելու են նաև եռալեզու քարտեզներ և թռուցիկներ, որոնք տեղեկատվություն կհաղորդեն Երևանի տեսարժան վայրերի և ծրագրերի մասին»,- ասաց նա։

Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջության աճը կազմել է 5.7 տոկոս: Այդ աճի կառուցվածքում 31 տոկոսը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկներին: 2015 թվականին Հայաստան է եկել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016-ին Հայաստանն հյուրընկալել է 181 հազար իրանցի զբոսաշրջիկի: Ըստ նրա ՝ աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջինը Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է: Դրանից բացի, Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքիր է թե ժամանցի, թե պատմամշակութային վայրեր այցելելու տեսանկյունից:

Մեկնաբանություն
X