Իրոք որ անտանելի է

Իմ «Արդեն անտանելի է» հրապարակման «քոմենթներում», ինչպես եւ կանխատեսել էի, ավելի շատ հայհոյախոսություն կա: Դրանց չեմ ուզում անդրադառնալ: Խոստանում եմ նույն ոճով պատասխանել անձնական «մեսիջներով»: Ինձ առավել հետաքրքրեց այս մեկը. «Պարոն հեղինակ, այդ դեպքում «քաջություն» ունեցեք հրապարակավ ընդունելու, որ Սողոմոն Թեհլերյանն ահաբեկիչ էր, իսկ նրան արդարացրած գերմանական դատարանի վճիռը՝ ապտակ օրինապաշտ հասարակությանը, որ 19-20-րդ դարերում օրինապաշտ թուրք հասարակության ու թուրքական պետության դեմ ոտքի ելած հայդուկները նույնպիսի «ահաբեկիչներ» էին, որ 1989-1991թթ ընթացքում, երբ Հայաստանը դեռ գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմում և, ըստ Ձեր տրամաբանության, Հայաստանի քաղաքացիները պարտավոր էին լինել օրնապաշտ և չխախտել ԽՍՀՄ օրենքները, զենք վերցրած բոլոր ազատամարտիկները օրինախախտներ էին... Իսկապես որ անտանելի է»:

Փորձեմ բացատրել: Նախ, Թալեաթին հարկ էր սպանել, երբ Թուրքիայի ներքին գործերի ամենահզոր նախարարն էր: Բեռլինում վտարանդի, նա իրենից որեւէ վտանգ եթե ներկայացնում էր, ապա միայն Մուստաֆա Քեմալին, որի դեմ մտմտում էր ապստամբություն կազմակերպել եւ Թուրքիայի իշխանությունը վերցնել իր ձեռքը: Եւ եթե մի քիչ զգացմունքներից վեր կանգնենք, ապա կփորձենք հասկանալ, թե ինչու՞ Թալեաթը սպանվեց Մոսկվայում բոլշեւիկա-քեմալական պայմանագրի ստորագրման նախօրեին, երբ Հայաստանում փետրվարյան խռովությունից հետո իշխանություն էր «Փրկության կոմիտեն»: Ինչ վերաբերում է գերմանական դատարանին, ապա նա Սողոմոն Թեհլերյանին արդարացրել է ոչ թե որպես արդար վրիժառուի, այլ՝ հոգեկան անհավասարակշիռ, այսինքն՝ Թալեաթին սպանելու պահին անմեղսունակ վիճակում գտնված, անձի: Պետք չէ անվերջ կերակրվել եւ ուրիշներին էլ հյուրասիրել առասպելներով:

Սրբապղծություն է հավասարության նշան դնել Օսմանյան Թուրքիայի, Խորհրդային Միության եւ ներկա Հայաստանի միջեւ: Դա իրոք որ անտանելի է: Եւ երիցս սրբապղծություն է սուլթանական եւ խորհրդային բռնապետության դեմ պայքարի ելած քաջամարտիկներին համեմատել ՊՊԾ գունդը գրաված զինառյալների հետ: Այդ ստահակության դեմ պետք է բողոքի յուրաքանչյուր գիտակից հայ՝ հայրենիքում, թե Սփյուռքում: Կանցնի ժամանակ, կբացահայտվի, որ այդ աղետը կանխածրագրվել էր, որպեսզի տեղի ունենա այն, ինչ ապրիլյան պատերազմում Ադրբեջանին չէր հաջողվել:

Մնացածը ֆոլկլոր է, կենցաղային բամբասանք եւ քաղաքական դեմագոգիա: Երկու դեպքում էլ մենք ունենում ենք կորուստներ: Ասելիքս այն էր, որ 49-ամյա Արթուր Սարգսյանի համար պետք է ցավել, ափսոսալ, կարեկից լինել նրա հարազատներին եւ մտերիմներին: Ոչ թե առիթն օգտագործել եւ հրապարակներն ու փողոցներն ապականել ամենավերջին զազրախոսություններով: Ոչ թե քարոզարշավի պաստառ դարձնել դեռեւս հողին չհանձնված մարդու լուսանկարը: Պետք է հետամուտ լինել, որպեսզի նրա մահվան համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն Հայաստանի օրենքների ուժով, ոչ թե՝ փողոց փակող մի քանի տասնյակ մարդու պահանջով:

Եւ, վերջապես, եթե 1921թ.-ին Հայաստանը լիներ անկախ եւ ինքնիշխան պետություն, Թալեաթին սպանելու փոխարեն նրան օրինական պատասխանատվության ենթարկելու գործընթաց կնախաձեռներ: Ի դեպ, ընդդիմախոսիս զարմանալի չի՞ թվում, որ 1918-20թ.թ. Հայաստանի իշխանությունը պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո անգամ միջազգային որեւէ ատյանում այդպես էլ չի բարձրացրել հայ ժողովրդի ցեղասպանության համար երիտթուրքերի կառավարության պատասխանատվության հարցը...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X