Հայկական «աստղաբույլը»՝ կուսակցությունների ու դաշինքների համերգներին

Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզչությունը։ Առաջադրված ինը կուսակցություններն ու դաշինքները, ընկած գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, փողոց առ փողոց, ակտիվ քարոզ են անում։ Քարոզչության անբաժան մասն են կազմում համերգները, երբ հայկական «աստղաբույլը» հատկապես քարոզչության վերջին օրերին այս կամ այն քաղաքական ուժի «համար» երգում են, ասել է՝ նախընտրական քարոզչական համերգ է կազմակերպվում։

Ո՞ր երգիչներ ո՞ր քաղաքական ուժերի համար կերգեն

ՀՀԿ – ՀՀԿ-ի նախընտրական քարոզչական համերգին Ազատության հրապարակում հանդես կգան երգիչներ Անդրեն, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյաններից երկուսը, Շուշան Պետրոսյանը։ Ի դեպ, թվարկված հայկական շոուբիզի ներկայացուցիչները ՀՀԿ-ի մշտական «աստղերից» են, նրանք ելույթ են ունեցել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:

ՀՅԴ - «Ելիր դաշնակ, Դրո», «Դաշնակցություն ժողով արեց․...», Դաշնակցության ոգուն հոգեհարազատ նման հայրենասիրական եւ ռամզահայրենասիրական երգերով հանդես կգան Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները։ ՀՅԴ-ից փոխանցեցին, որ այս պահին հստակ կարող են հայր եւ որդի Իսպիրյանների անունները հայտնել:

Ծառուկյան դաշինք- Այս դաշինքը ընտրողների համար եւս համերգ է կազմակերպելու։ Նախնական տվյալներով՝ «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական քարոզչությունը «ծաղկեցնելու» են նաեւ ՀՀԿ-ի համար երգող Լեյլա Սարիբեկյանը, Արման Հովհաննիսյանը եւ այլք:

ՕՐՕ – Մեզ հասած տեղեկություններով՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Ազատության հրապարակում նախընտրական քարոզչական մեծ համերգ է կազմակերպելու, որտեղ հիմնականում ելույթով հանդես կգա Սերժ Թանկյանը։ ՕՐՕ-ից մեզ հայտնեցին․ «Համապատասխան ժամկետում մենք մեր առաջիկա նախընտրական հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում ենք, երբ ժամանակը գա, պաշտոնապես կհայտնենք»։

Ազատ Դեմոկրատներ – Այստեղից մեզ տեղեկացրին, որ մարտի 27-ին Ազատության հրապարակը Երեւանի քաղաքապետարանը իրենց է տրամադրել, իսկ թե ի՞նչ միջոցառում է նախատեսված իրականացնել, համերգ լինե՞լու է, դեռ հստակ որոշված չէ, ոչինչ չեն կարող ասել։

** ՀՎԿ**-ն, ՀԿԿ-ն, ՀԱԿ-ը եւ ԵԼՔ-ը նախընտրական քարոզչության շրջանակում համերգ չեն կազմակերպելու։

Մեկնաբանություն
X