Գյումրեցիների պարկով նամակը՝ Գագիկ Ծառուկյանին

Մարտի 16-ին Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցից օրեր անց, գյումրեցիներից շատերը սպասումի մեջ են: Ծառուկյան դաշինքի շտաբի աշխատակցի փոխանցմամբ՝ հանդիպման օրը Ծառուկյանին գյումրեցիները այնքան նամակներ էին հանձնել, որ մի մեծ պարկ կլցվեր: Մեր հարցին, թե նամակներն ինչ արեց դաշինքի առաջնորդը, արդյոք իր հետ վերցրե՞ց, աշխատակիցը պատմեց. «Էդքան նամակը հո չէր նստի կարդար: Կային, որ անձամբ իրեն էին հանձնել, տարավ, իսկ մեծ մասը թողեց շտաբներին, հանձնարարեց զբաղվել»: Զբաղվու՞մ են՝ ճշտեցինք մենք: «Ախր որ իմանաք օրական ինչքան մարդ կմտնի ու կելնի շտաբ, կցնդեք: Էդ նույն նամակների տերերն էլ կերթան ու կուգան, սաղ փող կուզեն: Բայց լսեցիք չէ՞, ինչ ըսավ Գագիկ Ծառուկյանը: Ըսեց չէ՞, բարեգործությամբ երկիր չես պահի, ինչքան օգնի, մարդուն աշխատանք, միջոց է պետք….»,- ասաց շտաբի աշխատակիցը:

Ծառուկյան դաշինքի շտաբ իսկապես մտնող դուրս եկողները շատ են: Դրանում համոզվեցինք, երբ մի քանի րոպե հետևեցինք: Տիկին Սեդան ասում է՝ անձամբ է նամակը հանձնել Ծառուկյանի թիկնապահին, հետն էլ խնդրել է՝ նամակիս տեր կեղնես տղա ջան: Ծառուկյանի այցից թեև մի քանի օր է անցել, բայց նամակագիրները անհանգիստ են: Թե ինչ էր խնդրել, տիկին Սեդան չցանկացավ պարզ ասել. «Կեղնի՞ չասեմ, ազիզ ջան, խնդրել եմ էն, որ էս 6 տարվա մեջ ում ասես դիմեցի, ինչ ասես էրեցի, հնար չեղավ…»,-առանց մանրամասնելու ասաց նա:

Մի քաղաքացի էլ պարզ ասաց. «Որդուս փրկությունը կուզեմ, հիվանդ է շատ, քրքրվանք բժիշկների ձեռը, էլ ելք չկա, հըմի իրեն եմ դիմել, հույսս մեծ է»: Անկախ օգնել-չօգնելու հանգամանքից, պատրաստվում է ձայնը տալ նրան:

«Կուդամ աղջիկ ջան, կուդամ, որ գոնե հետո մի բան էնե»,- ասաց տղամարդը:

Ի դեպ՝ անդրադառնալով պարկով նամակին՝ նշենք, որ այդ մասին Գալա հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում ասել էր նաև պատգամավորի թեկնածու Վարդևան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրանք բոլորն էլ սոցիալական բնույթի են: Դիմել են հիմնականում վարկեր վերցրած եւ արդեն անվճարունակ դարձած քաղքացիները, երիտասարդ ընտանիքներ, որոնք բնակարան չունեն:

Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X